Երբ Ռուստամը յուր կրիմյան հրացանը ուսին, խորին կեսգիշերային պահուն, մնջիկ – միայնակ հսկում է իրանց ոչխարների փարախի և վրանների չորս կողմը, իրանց ոչխարները քուրդերի և խորամանկ գայլերի բերանից ազատ պահելու համար – երբ նա հանկարծ լսում է հեռավոր սարից մի սոված արջի, մի ահագին քավթառի կամ մի կատաղի վագրի սոսկալի մռնչյունը, նրա հոգին վառվում է ուրախությամբ. նա արիաբար դիմում է դեպ չարագուշակ ձայնը, իսկ երբ դարանամտած մի քարի ետևը նա հաջողում է զարկել և գետին գլորել վիթխարի գազանը, այլևս նրա հրճվանքին սահման չկա: Նա ցնծությամբ կրում է յուր շալակին ահագին որսը, բերում, դնում է իրանց վրանի առջև: Առավոտյան, նրա հասակակից պատանիները ամաչելով նայում են նրա երեսին, բայց մանուկ աղջիկները – գովաբանում են նրա քաջագործությունը, և նրանց կուսական սրտի մեջ ծնվում են սիրո զգացմունքը:
Աներկյուղ քաջասրտության հետ նրա բնավորությունը ուներ հեզ, մաքուր, ազնիվ և քնքուշ կողմեր ևս: Ո՞րտեղ էր մեծացել նա, որ այդպես չլիներ – նա բնության հարազատ որդին էր, վաճառանոցներում և առևտրական խանութներում չէր դեղնել նրա դեմքը արծաթասիրության նախանձից և հոգեմաշ հուսահատությունից: Նրա հպարտ, կրակով լի սևորակ աչքերը չէի՛ն մեռել, չէի՛ն նվազել – ամեն ժամ նայելով ապրանք գնողի ճանապարհը: Նրա անխարդախ և անկեղծ սիրտը չէր թունավորված շահասիրության ախտով, և նա երբեք որպես վաճառողների որդիքը – յուր լեզվին թույլ չէր տվել անուղիղ բան խոսել, որպեսզի պեսպես կեղծավորությամբ, հազար և մեկ երդումով, բյուրավոր սուտ վկայություններ բերելով՝ աշխատեր մի ծանր գնով վաճառել մի աժանագին ապրանք, և այնպիսով ավելի հմտանալ խաբեբայության կեղտոտ արվեստին:
Ռուստամը ոչ մի վատ համարում չուներ մարդկանց վրա: Նա չէր ճանաչել նրանց չարությունները. նա բոլորին համարում էր յուր հայրը, մայրը, քույրը և եղբայրը: Նա այնպես էր հասկացել, թե ամեն սիրտ այնպես մաքուր և պարզ էր, որպես այն հստակ աղբյուրները: Նա ա՛յնպես էր հասկացել, թե ամեն ոք ա՛յնպես ազնիվ, ա՛յնպես սուրբ է, որպես այն անուշահոտ նախշուն վարդերը: Նա ա ՛յնպես էր հասկացել, թե մարդիկ ա՛յնպես բարի և ա՛յնպես առաքինի էին` որպես այն անմեղ և անարատ գառները:
Սիրո ախտը, որ բոլոր կրքերից առաջ վառվեց նրա մանուկ հոգու մեջ – ավելի զգալի էր նրան: Աշղների «մեջլիսներում», երբ նա լսում էր Քյարամի և Ասլուի, Աշըղ-Ղարիբի ու Շահսանամի, Թըհարի և Զոհրայի սիրավեպերը, նրա արյունը բորբոքվում էր, նա ասպետական նախանձախնդրությամբ պատկերացնում էր յուր մեջ յուր սիրուհին՝ մի սիրուհի, որին ուխտել էր նա յուր կյանքի ամենապատվական ժամերը: Բայց երկրի սովորությունները, ազգային խորթ և օտարոտի բարք ու վարքը, երբեք չէին թույլ տալիս նրան գոնե մի անգամ տեսնել յուր սիրուհու երեսը և նրա բերանից մի քանի բառ լսել:
Տասնևհինգ տարեկան էր Ռուստամը, երբ մի օր, Աղվանա սարերում, ուր իջևանել էին Ծաղկավանի բոլոր խաշնարած գերդաստանները, առավոտյան հովին, արևածագից առաջ, նստած սարի վրա, մի աղբյուրի մոտ, նա յուր քաղցր հրեշտակային ձայնով երգում էր յուր սերը, հանկարծ տեսավ նա մի նազելի աղջիկ, կուժը ուսին, եկավ աղբյուրից ջուր տանելու: Նա մտածեց ինքն իրան՝ «իրա՛վ, դա՛ է լինելու իմ սիրո կույսը, որ սուրբ Կարապետը բաշխել է ինձ»:
Արդարև՛ նա՛ էր, չքնաղագեղ Սալբին, որ լսելով Ռուստամի առավոտյան երգը, ջուրը պատճառ բռնելով` եկել էր տեսնելու այն սիրուն տղամարդի երեսը, որ ա՛յնքան այրվում և խորովվում էր յուր սիրով: Ռուստամը, բռնելով նրա ձեռքից, հայտնեց յուր սերը, հարցրուց թե նա ևս կամենո՞ւմ էր սիրել իրան. աղջիկը կարմրելով` հնչեց այն սուրբ բառը – «այո՛», և մեկ զույգ համբույր կնքեց նրանց ուխտը…:
Այնուհետև ժամադիր եղան նրանք այն նվիրական աղբյուրի մոտ` երբեմնապես միմյանց տեսնելու:
Մենք կդնենք այստեղ սիրո առաջին երգը, որ Ռուստամը երգեց Աղվանա սարերի մեջ:
Է
ԱՆՀԱՎԱՏ ԴԱՍՏԻԱՐԱԿՉՈԻՀԻՆ
Կյուրակեմուտ իրիկո՛ւն էր: Մահտեսի Ավետիսը յուր մոր հետ գնացել էին ժամ, բայց նրա կինը՝ տիկին Սկուհին, յուր քրոջ – օրիորդ Սալլաթինի հետ մնացել էին տանը, որովհետև, այդ երկրի սովորության համեմատ, պառավները և ծերունիները պետք է ամեն օր շարունակ ժամ գնան, բայց երիտասարդ կանայք, նորահարսերը, և մատաղ օրիորդները եկեղեցու երես են տեսնում ամբողջ տարվա ընթացքում՝ միայն երկու անգամ, այսինքն Մեծ և Փոքր Զատիկներին, որ «սրբություն» առնեն և հաղորդվին Քրիստոսի հետ:
Բայց տիկին Սկուհին տանը մնալով՝ բոլորովին հանգիստ չէր – նա անդադար աշխատում էր այս և այն առտնին գործերով, զգուշանալով` չլինի թե նրա սկեսուրը ժամից դառնալուց հետո, տան մեջ մի չնչին անկարգություն գտնելով`սկսեր նրան նախատինք տալ:
– Աղջի՛, Նազլո՛ւ, – վերջապես ձայն տվեց տիկին Սկուհին յուր աղախնին, – գնա՛ փարախի գավիթը – հավերը թառը քշիր, ծառաներին պատվիրիր փարախի երդիկները փակեն: Ո՛ւհ, ո՜րքան ցուրտ է այսօր: Չմոռանաս դառնալու ժամանակ Պողոսին վախեցնել, որովհետև նա անդադար լացում է…:
Նազլուն դուրս գնաց, բայց փոքրիկ Պողոսը ավելի՛ և ավելի՛ էր լաց լինում, ո՛վ գիտե ինչ բանի համար:
Մի քանի րոպեից հետո, դռան հետևից լսելի եղան զարհուրելի կըռմըռալու ձայներ:
– Ը՛շ-շ-շ… Ը՛շ-շ-շ…ձայն տվեց տիկին Սկուհին արջամարոզը…արջամարոզը… սո՛ւս…սո՛ւս…
Բայց նազլուի զարհուրելի կըռմըռոցը դարձյալ լսելի եղավ:
– Վա՛յ… ամա՛ն… արջամարո՛զը… եկա՛վ, եկավ: Պո՛ղոս եկավ, որ քեզ ուտի, – կրկնեց մայրը:
Բայց հանկարծ նազլուն ներս մտավ: Վա՛յ, հարսիկ, ես մեռա… սիրտս տրաքեց… լեղիս պատռվեց… ամա՛ն, ես մեռա:
– Ա՛ղջի, նա՛զլու, սև հագնես, ի՞նչ է, ի՞նչ պատահեց քեզ, – հարցրուց տիկին Սկուհին` զարմացած ձևանալով:
– Ամա՛ն աստված… – առաջ տարավ Նազլուն կցկտուր ձայնով, – ո՛ւհ, երբ միտքս բերում եմ, մարմինս սարսռում է, ախոռատան բակում, տեսա մի զարհուրելի հրեշ, պոչը երկայն, ինքը մազոտ, աչքերում կրակ էր վառվում, գլխի վրա երկու եղջյուր ուներ…: Նա յուր ճանկերի մեջ բռնած՝ ուտում էր մեր մշակ Խաչոյի տղան – փոքրիկ Սահակը… ա ՛խ ինչպես ցավագին լա՛ց էր լինում խեղճ Սահակը…
– Է՛հ, հողը քո գլխին, Նա՛զլու, – ասաց տիկին Սկուհին, – իրավ դու տեսել ես մարդագայլը, բայց նրան ասեիր, թե իմ փոքրիկ Պողոսը այլևս լաց չի լինում:
– Հա՛, ես այդպե՛ս էլ ասացի, բայց մարդագայլը ասաց, եթե Պողոսը էլի այնպես լաց կլինի՝ ես կգամ նրան էլ կուտեմ:
Խեղճ Պողոսը զարհուրելով այս խոսքերից մի քանի րոպե լուռ կացավ, մինչև քունը նրան բոլորովին հանգստացրեց: Նրա մայրը ուրախ էր, որ կարողացավ խաբել յուր երեխային19:
Նույն ժամուն Ռուստամը տավարների փարախում, ծառաների մոտ էր. այնտեղ վերահասու էր լինում իրանց անասուններին և նրանց հետ միասին մաքրում էր կովերի, եզների և գոմեշների աղբը, խոտ և դարման էր տալիս և ուրախանում էր, տեսնելով թե նրանցից ո՛րն է շատ գիրացել: Վերջացնելով յուր գործը, աշխուժավոր պատանին եկավ յուր չորս տարեկան մանուկ քուռակի մոտ, և պտույտ գալով նրա շուրջը` հիանում էր նրա գեղեցկության վրա: Նա առեց քորոցը (ղաշովը) և սկսեց քորել յուր քուռակը, հեզիկ շրթունքների միջից եղանակելով մի երգ: Ձմեռվա սկզբից, ինքը, պատանին, յուր ձեռքով հոգս է տանում յուր ձին դարմանելու, որ նա ավելի գիրանա, զորանա և մեծանա:
– Խաչո, – ասաց նա յուր մտերիմ ծառային, – տեսնո՞ւմ ես, քուռակը աշունքից սկսած ո՜րքան մեծացել է. հավատա, գարունքին Ծաղկավանի փարախներից ո՛չ մի ձի դրա նման չի դուրս գալու:
– Անտարակույս, այդպես է, – նրա խոսքին հաստատություն տալով պատասխանեց Խաչոն. – քո ձիու հատը ո՛չ միայն մեր գյուղում, այլ մեր ամբողջ մահալումը չկա: Ճանճակերենց Հարությունի տղան էլ պարծենում է, թե ձի ունի.անցյալ օր նրանց փարախը մտա, տեսա, ի՞նչ ձի, մեր կարմիր կովի հորթը – քեզ օրինակ:
– Դու գիտե՞ս սա՛ ի՞նչ ցեղից է… ա՜խ դրա «սոին» ղուրբան… սա՝ արաբների քյահլանների ամենաազնիվ արյունիցն է. Մահմուդ-բեկը յուր եղբորը չէր բաշխի մի այդպիսի քուռակ, բայց նա իմ բարեկամն է, ինձանից անց չկեցավ:
– Բայց մի բան եմ լսել, Ռուստամ, – նրա խոսքը կտրեց Խաչոն:
– Ի՞նչ խոսք, ի՞նչ բան, – հարցրուց շտապով Ռուստամը:
– Վախենում եմ. ասեմ, սիրտդ կոտրվի:
– Չէ, ասա՜, իմ սիրտը կոտրվող սիրտ չէ:
– Ասում են, մելիքը` խանի մոտ սատանայություն է արել քո ձիու մասին, և խանը ասել է՝ «կառնեմ Ռուստամի ձեռքից, հայն ի՞նչ է, որ լավ ձի նստի, հային՝ էշն ու յուր խղճությունն է՜լ է բավական…»:
– Ա՛յ տղա, ո՜րքան միամիտ ես դու, – խոսեց պատանին արհամարհանոք. – ես քեզ այդքան երկչոտ չէի կարծում, Խաչո՜, ասենք թե ես մի լավ ձի չունեմ, մի սիրուն կնիկ ունեմ. խանը պիտի իմ ձեռքից առնե՞, մի՜թե կարո ՞ղ է մի այդպիսի բան:
– Հա՜, Ռուստամ, քանի որ մենք այդպես գերի կմնանք այդ անօրենների ձեռքում, որ ոչ աստված ունին, ո՜չ խղճմտանք՝ մեր տունը, մեր տեղը, մեր գույքը, մեր ապրանքը` ինչ խոսքս երկարացնեմ, նույնիսկ մեր կինն և որդիքը – մերը չեն… ինչ որ ուզեն կանեն, ինչ որ կամենան` կկատարեն…: Տեսա՞ր անցյալ օր, ո՜րպես անիրավությամբ խլեցին տարան Միհրապի թոռը, այն աննման աղջիկը: Նրա ծնողները բացի լալուց` ոչինչ չկարողացան անել: Նրա ա՜յնքան բազմաթիվ դրացիները, բոլորը երկյուղից փախան, իրանց տներում թաքնվեցան և դռները փակեցին: Խղճալի Նարկիզը, որպես մի անմեղ գառն` մնաց գայլերի ճանկերի մեջ…