Մուրացան - Չհաս է стр 10.

Шрифт
Фон

Եվ Միկիթ-բեկը վերցրեց իսկույն գրիչը՝ նշանակեց առաջարկության թերթի մեջ յուր մտացածին գները և բոլոր գրածները մի անգամ էլ բարձր ձայնով կարդալով ծալեց նրանց և տվավ բարեկամին:

Վերջինս կամացուկ հանեց ծոցից մի ինչ որ ծրար և դրեց Միկիթ-բեկի սեղանի վերա:

– Եթե ձեր ձեռքը թեթև եղավ և կապալը մնաց ինձ վերա, – ավելացրեց նա, – խոստանում եմ կրկին անգամ ծառայել ձեզ:

Միկիթ-բեկը հասկանալով բարեկամի խոստման նշանակությունը՝ անկեղծ սրտով շնորհակալություն արավ նրան:

– Իսկ գնդապետի հետ ինչ որ հարկավորն է խոսե՞լ եք, – խորհրդավոր ձայնով հարցրեց Սարգիսը:

– Իհարկե, իհարկե, երեկվանից արդեն ամեն բան խոսել վերջացրել եմ: Ինչ օգնություն որ նրան է վերաբերում, նա չի խնայիլ. միամիտ կացեք, դուք աղոթեցեք միայն, որ գեներալը չընդդիմանա նրան:

– Կերթամ կաղոթեմ… տեսնենք ամենակարող աստվածը որքան կհաջողե յուր մեղավոր ծառայի գործը. – բարեպաշտական զգացմունքով լցված պատասխանեց Սարգիսը և ապա հիշելով, որ Միկիթ-բեկը շատ զբաղմունքներ ունի և ուրեմն նրան ավելի խանգարել չէ կարելի, նա ջերմությամբ սեղմեց նրա ձեռքը և դուրս գնաց նրա առանձնարանից:

Միկիթ-բեկը սրտատրոփ վերադարձավ յուր տեղը, հանեց սեղանից ստացած ծրարը և շտապով բանալով նրան գոհությամբ սրտի տեսավ, որ յուր չնչին ծառայության համար բարի բազազ Սարգիսը վարձատրել էր նրան 100 կլորիկ ռուբլիներով:

Հազիվ նա փողերը դրել էր յուր պահարանի մեջ, և ահա մի մեծ գլուխ առանձնարանի դռնից ներս մտնելով լսեցրեց յուր ձայնը.

– Կարծեմ ճիշտ նշանակած ժամին եկա, միայնա՞կ եք:

– Օ, բարև ձեզ, բարև ձեզ, ներս հրամեցեք, այստեղ ոչ ոք չկա:

Եվ ահա առանձնարանի դռնով ներս մտավ մի հաղթանդամ և անճոռնի տղամարդ: Սա Ամիրի աղան էր, որ ողջունելով Միկիթ-բեկին, վերցրեց աթոռներից մինը և նստեց նրա առաջ.

– Տոնին դեռ տասը րոպե կա, ուրեմն նշանակում է ժամանակից էլ մի փոքր վաղ եմ եկել, այնպես չէ՞:

– Այո, բայց վաղ գալ հարկավոր չէր, դուք պետք է ճշտությամբ կատարեիք իմ պատվերը: Եթե ես յոթին եմ ձեզ ժամադիր եղել, ճիշտ յոթին էլ պիտի գայիք, որովհետև մի քանի րոպեով ետ ու առաջ գալով կարող էիք ինձ խանգարել:

– Ուրեմն հազար ներողություն: Բայց պատրա՞ստ է իմ թղթերը, թե ոչ:

– Ահա նրանք: Եվ Միկիթ-բեկը հանեց երկրորդ արկղից յուր երկրորդ բարեկամի թղթերը և կարդաց նրանց իզուր:

– Այդ բոլորը լավ, – ասաց Ամիրի տղան, երբ Միկիթ-բեկը յուր ընթերցումը ավարտեց, – սակայն ինչ գներ եք ուզում նշանակել իմ առաջարկության մեջ:

– Ինչ գներ որ դուք կցանկանաք:

– Նշանակեցեք ուրեմն – հացի պուղը 1 ռուբլի, մսինը՝ 3 ռ. 50 կ.: Գինու վեդրոն՝ 4 ռ. 50 կ., իսկ օղիինը 6 ռուբ. 50 կոպ:

– Օ, այդ շատ էժան եք նշանակում, պարոն, ինչ վաստակ կարող եք ունենալ, ուրեմն, այդ կապալում. նշանակեցեք ավելի թանկ և մի կարծեք, թե կապալին մասնակցողները այդպիսի չնչին գներով կներկայացնեն իրենց առաջարկությունները:

– Եթե այդպես է, ուրեմն դուք ինքներդ նշանակեցեք գները:

– Շատ լավ, հացի պուդը ես կնշանակեմ 1 ռ. 30 կ., մսինը 4 ռ. 10 կ… գինու վեդրոն՝ 4 ռ. 90 կ., օղիինը՝ 6 ռ. 80 կոպեկ:

– Եվ կարծում եք, որ այդ գներով մենք կապալը չե՞նք կորցնիլ:

– Ես կարծում եմ, որ կվաստակեք:

– Իսկ եթե կորցնեմ, այն ժամանակ դուք ձեզ վերա եք առնում պատասխանատվությունը:

– Իսկ եթե այս գիշեր մեռնի Միկիթ-բեկը, դուք ձեզ վերա եք առնում պատասխանատվությունը:

– Ձեր մեռնելը ինչ կապ ունի իմ հարցի հետ:

– Այն կապը, որ ինչպես քո կապալի կորուստն է պատահմունքից կախված, այնպես էլ Միկիթ-բեկի մահը: Իսկ աշխարհում բազմաթիվ չեն այն հիմարները, որոնք պատասխանատու են լինում պատահարներին:

– Հասկանում եմ. բայց գոնե դուք կարողանում եք հուսալ, – որ այդ գներով կապալը կմնա ինձ վերա:

– Ես կարողանում եմ հուսալ մինչև անգամ՝ թե մի օր ես ճանապարհին հազար ոսկի պիտի գտնեմ:

– Քեզ հետ վիճել չէ կարելի, նշանակեցեք, ինչ գին որ կամենում եք. անշուշտ դուք իմ բարին եք ցանկանում:

– Այ, այդ բանի համար ես գրական պատասխան կարող եմ տալ. արդարև ձեր բարեկամների մեջ հազիվ թե գտնվի մեկը, որ ինձ չափ ձեզ սիրե և ձեր բարին ցանկանալ կարողանա: Ես միայն մի մարդու եմ հարգում և այն մարդը դուք եք:

Ամիրի տղան մի անհանգիստ շարժում գործեց, որ նշան էր Միկիթ-բեկի հաճոյախոսության նրա վերա արած լավ ազդեցության, հետո, առանց սպասելու, որ վերջինն ավարտեր յուր գործը, նա հանեց ծոցից յուր ծանր քսակը և տասնևհինգ հատ պսպղուն ոսկիներ համարեց նրա առաջ:

Միկիթ-բեկը աչքի ծայրով նայեց ոսկիների վերա և ներքին ուրախությամբ շարունակեց յուր գործը: Հետո ավարտելով նրան, հանեց սեղանի արկղից մի սիրուն ծրար, որի համար, իհարկե, նա փող չէր վճարել, դրեց այդ ծրարի մեջ բոլոր թղթերը և հանձնեց այն բարեկամին, սովորեցնելով նրան նրա գործադրության եղանակը:

Մի քառորդ ժամից ետ Միկիթ-բեկը արդեն միայնակ էր և ուրախությամբ ձեռքերը շփելով ման էր գալիս յուր առանձնարանի մեջ և սպասում էր Ձուկ-Ավետիսին:

Հազիվ ծառան վառեց լամպարը և դուրս գնաց, երբ ժամը ութը զարկեց և նրա վերջին հարվածի հետ էլ լսվեցավ Ձուկ-Ավետիսի ձայնը, որ խոսում էր ծառայի հետ նախասենյակում:

– Ներս հրամեցեք, – սենյակի դուռը բանալով ձայն տվավ Միկիթ-բեկը յուր երրորդ բարեկամին: Վերջինս ամաչելով ներս մտավ սենյակը, բայց այնպես կամացուկ, որ նրա ոտնաձայնը գրեթե չէր լսվում:

– Շնորհակալ եմ, ճիշտ ժամանակին եկաք, եթե մի փոքր ուշանայիք, ինձ տանը չպիտի գտնեիք:

– Ինչպե՞ս կհամարձակվեի ուշանալ, – համեստությամբ և հազիվ լսելի ձայնով պատասխանեց Ձուկ-Ավետիսը:

– Շնորհակալ եմ, ես էլ արդեն պատրաստել եմ ձեր թղթերը: Ուրեմն լսեցեք, ես կկարդամ և կթարգմանեմ նրանց:

Եվ Միկիթ-բեկը սկսավ կարդալ և թարգմանել, որովհետև երրորդ բարեկամը ռուսերեն չէր հասկանում:

– Հավանո՞ւմ եք, – հարցրեց նա բարեկամին, երբ ավարտեց յուր ընթերցումը:

– Ինչպես կհամարձակվիմ չհավանել:

– Ինչ գներ եք ուզում, ուրեմն, որ նշանակեմ ձեր առաջարկության թղթի մեջ:

– Դուք էլած տեղը ես ինչպես կհամարձակվիմ գին նշանակել:

– Բայց էլի մի բան ասացեք, որքանով, օրինակ, կարող եք հաց մատակարարել զորքին և որքանով միս:

– Աստված վկա, չեմ կարող ասել. – խեղճ ժպիտով պատասխանեց պարոն Ձուկը:

– Ուրեմն ի՞նձ եք իրավունք տալիս նշանակելու գները:

– Իհարկե, իհարկե:

– Լավ, այստեղ ես գրում եմ, որ դուք զորքին հաց կտաք պուդը 1 ռ. 20 կոպեկով, միս 4 ռուբլով, գինի 4 ռ. 85 կոպեկով և օղի 6 ռ. 75 կոպեկով:

– Դուք գիտեք:

– Ի՞նչ եք կարծում, այս գներով օգուտ կունենաք:

– Աստված է իմանում:

– Ուրեմն գոհ եք այս չափով:

– Իհարկե:

– «Եթե բոլոր մարդիկ ձեզ չափ բարի և ձեզ չափ հիմար լինեին, մեզ նմանները դարդ չէին ունենալ», – խոսեց ինքն իրեն Միկիթ-բեկը և ծրարելով մի ոչ շատ գեղեցիկ ծրարի մեջ, տվավ Ձուկ-Ավետիսին:

– Որքան է ձեր նեղության վարձը, Միկիթ-բեկ, ասացեք, ես այս տեսակ բաների գինը չեմ իմանում:

– Այդ կախված է տվողի կամքից: Եթե ես ուրիշի համար էլ այդպիսի մի գործ շինած լինեի, կասեի, թե այսինչը այսքան վճարեց, դուք էլ կարող էիք այսքան վճարել: Բայց որովհետև այս տեսակ գործ միայն ձեզ համար եմ շինել, ուրեմն վարձատրելն էլ ձեր կամքից է կախված:

Պ. Ձուկը ընկավ մտատանջության մեջ և երկար ժամանակ չէր կարողանում որոշել, թե որքան պետք էր վճարել Միկիթ-բեկին: Վերջապես նա հանեց ծոցից յուր քսակը, և երկու նոր քսանհինգանոցներ ընտրելով դրեց սեղանի վերա: Միկիթ-բեկը ժպտաց: Խեղճ Ձուկը կարծելով, թե նա ծաղրում է իրեն երկու քսանհինգանոցներ էլ ավելացրեց և վեր կացավ տեղից:

– Շնորհակալ եմ, աստված հաջողություն տա. – ասաց Միկիթ-բեկը և ճանապարհ դրեց յուր երրորդ բարեկամին, որ արդեն քաջալերվել էր շնորհակալության խոսքերով:

Երեք այցելուներից հետո վերջապես եկավ պարոն Թովմասը: Նրա դեմքի վերա նշմարվում էր մի տեսակ անհանգստություն, որ առաջանում էր Միկիթ-բեկի զեկուցումը շուտով լսելու ցանկությունից:

– Ամեն բան արդեն կարգի դրված է, – սկսավ խոսել Միկիթ-բեկը. – իմ մարդկերանց հետ ես իմ գործը վերջացրի: Նրանց առաջարկությունների մեջ ես այնպիսի գներ եմ նշանակել, որ եթե ձերինի մեջ համեմատաբար միայն տաս-տաս կոպեկ պակաս նշանակվի, ահագին գումար կարող եք շահել մի տարվա մեջ:

Թովմասի դեմքը զվարթացավ և այդ րոպեին նա կարող էր մինչև անգամ Միկիթ-բեկին գրկեր բայց, իհարկե, դեռ գործը վերջացած չէր:

– Ուրեմն որո՞նք կլինեն մեր գները, – հարցրեց Թովմասը:

– Մենք կնշանակենք հացի համար 1 ռ. 10 կոպեկ, մսի համար 3 ռ. 80 կոպ., գինու համար 4 ռ. 75 կոպ, և օղիի համար 6 ռ. 65 կոպեկ:

– Օհ, թե այդ գներով կապալը ինձ վերա մնա, Միկիթ-բեկ, երկու տարվա մեջ ես ձեզ կհարստացնեմ, – ոգևորությամբ բացականչեց Թովմասը:

– Եվ անպատճառ կմնա, բավական է, որ Մելքոն – աղան էլ նույնն է ցանկանում:

Պ. Թովմասը աճուրդին ներկայացվելիք թղթերը Միկիթ-բեկից ստանալով վերադարձավ տուն:

Ваша оценка очень важна

0
Шрифт
Фон

Помогите Вашим друзьям узнать о библиотеке

Скачать книгу

Если нет возможности читать онлайн, скачайте книгу файлом для электронной книжки и читайте офлайн.

fb2.zip txt txt.zip rtf.zip a4.pdf a6.pdf mobi.prc epub ios.epub fb3