– Տեր աստված, ինչ որ ստեղծել ես ամենը կարգին է և մի բանի նման։ Իսկ այս երկու պտուղը անկարգ են, բանի նման չեն։
Մարդն ասում էր, որ ընկույզի տեղ ձմերուկ պիտի լիներ ծառին և ընկույզը՝ ձմերուկի թփի վրա։
Եվ նա պառկեց ծառի տակ և նայեց ծառին, և հանկարծ մի ընկույզ պոկվեց ծառից և ուժգին դիպավ նրա ճակատին և ճակատը պատռեց, և արյունը եկավ։ Եվ մարդը վեր կացավ տեղից և աղաղակեց.
– Տեր աստված, ինչ որ ստեղծել ես, ամենը կարգին է և կատարյալ, և ով չհավանի քո ստեղծածը, նրա ճակատը իմից վատ լինի, որովհետև եթե ընկույզի տեղ ձմերուկ լիներ, ինձ պիտի սպաներ։
ԱՂՎԵՍԸ ԵՎ ԹՂԹԱՏԱՐ ԳԱՅԼԸ
Աղվեսը մի գրած թուղթ գտավ, տարավ գայլին և ասաց.
– Այսչափ ժամանակ աշխատեցի և բարեխոս մարդիկ մեջ գցեցի և իշխանից քեզ համար թուղթ հանեցի, որ ամեն գյուղ՝ ուր հանդիպես, քեզ պիտի տա մի ոչխար։
Եվ այդպես խաբեց գայլին, և միասին գնացին մի գյուղ, և աղվեսը նստեց բլուրի վրա և թուղթը տվեց գայլին։ Երբ գայլը գյուղի մեջ մտավ, վրա թափվեցին շները և մարդիկ, նրան գզեցին և գանահարեցին։ Եվ արյունաթաթավ գայլը հազիվ ազատվելով՝ հասավ աղվեսին։
Եվ աղվեսն ասաց։
– Ինչո՞ւ թուղթը ցույց չտվիր:
Եվ գայլն ասաց.
– Ցույց տվի, բայց գյուղում հազար շուն կար, որ գիր չգիտեր։
ԵԿԵՂԵՑԻՆ ԵՎ ՋՐԱՂԱՑԸ
Եկեղեցին պարծեցավ յուր սրբությամբ և ասաց.
– Ես եմ տաճար աստծու, և դեպի ինձ են գալիս քահանաները և ժողովուրդը աղոթք մատուցանելու աստծուն և պատարագ, և հաշտվում է աստված աշխարհի հետ և մեղքերին թողություն է լինում։
Այն ժամանակ ջրաղացն ասաց եկեղեցուն.
– Ինչ որ դու ասում ես, արդար է և ճշմարիտ, բայց դու իմ երախտիքը մի մոռանա, որ գիշեր–ցերեկ աշխատում եմ և դատում այն, ինչ որ ուտում են քահանաները և ժողովուրդը և ապա քեզ են գալիս աղոթելու և երկրպագելու աստծուն։
ԱՂՎԵՍԸ ԵՎ ՈՐՍՈՐԴԸ
Որսորդը շներով տանջում և նեղում էր աղվեսին։ Եվ աղվեսը դարձավ և ասաց.
– Աղաչում եմ քեզ, ասա թե ինչի՞ համար ես ինձ նեղում։
Եվ որսորդն ասաց.
– Որպեսզի հանեմ քո մորթին:
Աղվեսը կանգնեց և ասաց.
– Տե՛ր աստված, փառք թեզ, որ սրա ուզածն այս է: Իսկ ես կարծում Էի, թե ինձ ուզում են նշանակել մեր գավառի հավարած կամ թռչնոցի վանահայր:
ԱՅՐԻ ԿԻՆԸ ԵՎ ԽՈՐԹ ՈՐԴԻՆ
Մի այրի կին ուներ մի կով, և նրա խորթ որդին ուներ մի էշ։ Եվ խորթ որդին գողանում էր կովի կերը տալիս էշին: Եվ այրի կինն աստծուն աղաչեց, որ աստված էշին մեռցնի։ Բայց կովը մեռավ, և այրին լաց եղավ և ասաց.
– Ո՛վ աստված, մի՛թե չկարեցար էշը կովից տարբերել:
ԱՄԵՆԱՏԳԵՏ ՄԱՐԴԸ
Մի թագավոր կամեցավ աշտարակ շինել, և աշտարակը քանի ցերեկը շինում էին, գիշերը փուլ էր գալիս։ Եվ նա հավաքեց յուր գիտուններին և պատճառը հարցրեց։ Նրանք ասացին.
– Եթե կամենում ես, որ այլևս չփլչի, գա գտիր մի տգետ մարդ, որից ավելի տգետ մարդ չլինի և նրան կենդանի դիր պատի մեջ և պատը թող շարեն. և այլևս չի փլչի:
Եվ թագավորն ասաց.
– Այդ բանի ընտրությունը ևս դուք արեք և գտեք մի տգետ մարդ, որին կենդանի թաղեն պատի մեջ։
Եվ գիտունները նստեցին միասին որոշելու, թե ի՞նչ տեղ կարող են գտնել տգետ մարդ, և մեկն ասաց.
– Ձկնորսն է տգետ, քանի որ նրա առն ու տալը մարդու հետ չի, այլ ջրի և ձկների։
Իսկ ոմանք ասացին` իշապանը, որ իշու հետ է լինում և իր ողջ կյանքն անց է կացնում գրաստի հետ, շրջելով լեռ և անտառ: Ոմանք ծովարարին ասացին, իսկ ոմանք հովվին, որ ամառ–ձմեռ ոչխարների հետ շրջում է լեռներռւմ, չի մտնում գյուղ կամ քաղաք։ Եվ հավանություն արին և կամեցան հովվին բերել։
Այն ժամանակ գիտուններից մեկն ասաց.
– Մեր թագավորը մի հովիվ ունի, որ ծնվել է սարում ոչխարների մեջ և սնվել է այնտեղ և յուր կյանքում ոչ գյուղ է մտել, ոչ քաղաք։
Եվ ուղարկեցին տասը ձիավոր, որպեսզի մարդուն բերեն։ Եվ ձիավորները գնացին գտան հովվին, որ կթում էր ոչխարը և ողջունելով ասացին.
Թագավորը քեզ կանչում է։
Հովիվն ասաց.
– Ես իմ կյանքում ո՛չ քաղաք եմ գնացել, ո՛չ էլ գյուղ. ինձ ինչո՞ւ է կանչում։
Նրանք խորամանկությամբ ասացին.
– Չենք իմանում։
Իսկ հովիվը պատվեց նրանց, գառ մորթեց և պանիր բերեց և ուրախացրեց նրանց և երդմամբ հարցրեց կանչելու պատճառը։ Եվ նրանք ասացին, թե այս պատճառով է քեզ կանչում, որովհետև թագավորի գիտունները ասել են, օր մի տգետ մարդու պետք է դնել պատի մեջ, որպեսզի պատը շեն մնա:
Այն ժամանակ հովիվը ծիծաղեց և ասաց.
– Հիմարը և տգետն այն գիտուններն են, որ այդպիսի ընտրություն են արել։
Եվ մի ոչխար բերելով ասաց.
– Ես ձեզ ցույց կտամ իմ տգիտությանը։
Եվ ասաց.
– Այս ոչխարը երկու գառ ունի փորում, մեկը էգ է, և մյուսը՝ որձ, մեկի գլուխը սև է և մյուսինը՝ սպիտակ։
Եվ ոչխարը մորթեց և դառները փորից հանեց և այնպես էր, ինչպես ասաց։ Եվ մի այլ ոչխար բերելով ասաց.
– Այս ոչխարը մեկ գառ ունի փորում. մարմինը սև է, գլուխն՝ սպիտակ և ինքը՝ որձ։
Եվ մորթեցին տեսան այնպես։ Եվ հովիվն ասաց.
– Ոչխարի այս երկու հոտը, որ կա ձեր առաջ, ամենին գիտեմ, թե որն է ծնելու և որն է ստերջ և որն է որձ ծնելու և որը՝ էգ և որը՝ սև կամ սպիտակ և որը՝ սև ու սպիտակ պուտերով։ Ձեր գիտունները կարո՞ղ են այդ իմանալ։
Ձիավորներն ասացին.
– Ոչ ամենևին։
Հովիվն ասաց.
– Ուրեմն իմացեք, որ ես չեմ այն հիմարն ու տգետը, որին դուք փնտրում եք։ Իսկ եթե կամենաք, ես ցույց կտամ տգետ մարդուն։ Թագավորը թող յուր նայիպին բռնի թալանի և ինչ ունի ամենն առնի և քաղաքի հրապարակում նրան կախի և չարաչար տանջի, Որպեսզի բոլոր քաղաքացիները տեսնեն, ապա նայիպին թող տանեն թաքցնեն և ասեն, թե նրան սպանեցին։ Եվ երեք օր քաղաքում թող կանչեն, թե ինչ մարդ որ կգա և հանձն կառնի նայպի գործը, նրա ամեն ապրանքն այդ մարդուն կտանք և նրան կնշանակենք թագավորի նայիպ։ Այդ մարդը, որ կտեսնի այդ խաղքը և կլսի ինչ որ արին նայիպի գլխին և առաջանալով կասի, թե ես եմ ուզում լինել նայիպ, այն մարդն է հիմար և տգետ, նրան բռնեցեք և կենդանի դրեք պատի մեջ, որպեսզի այլևս չփլչի և շեն մնա։
Իսկ նրանք եկան և թագավորին պատմեցին, և թագավորն արեց այնպես, ինչպես հովիվն ասել էր և մինչդեռ քաղաքում կանչում էին, թե ով գա և հանձն առնի նայիպի գործը և իշխանությունը, նա կստանա նրա ապրանքը և հողը, այն ժամանակ մոտ վազեց մի ջրմի և թոնի մարդ և ասաց.
– Ես հանձն կառնեմ այդ գործը:
Եվ նրան հարցրին.
– Տեսա՞ր ինչ արին նայիպի գլխի:
Նա ասաց.
– Այո, տեսա։
Եվ իսկույն առան նրան և տարան, կենդանի դրին պատի մեջ, և պատը հաստատուն մնաց։
ԻՇԽԱՆԱՎՈՐԸ ԵՎ ԻՄԱՍՏՈՒՆԸ
Կար մի աշխարհակալ իշխանավոր և նա ուներ մի խիստ գեղեցիկ տղա։ Եվ իշխանավորն ասաց, թե գեղեցիկ աղջիկ կառնեմ, որ կին լինի իմ որդուն, և ունենամ գեղեցիկ թոռներ՝ ժառանգ իմ գահի։ Եվ գնաց բերեց մի գեղեցիկ հարս և դեռ թոռ չէր ունեցել, երբ որդին մեռավ, և հարսը մնաց։ Եվ ինքը կամեցավ հարսին առնել և հարցրեց իմաստուններին, թե.
– Կա՞ իրավունք։
Եվ նրանք ասացին.
– Չկա՛ իրավունք, որ հայրն առնի հարսին։
Եվ չկամեցավ լսել նրանց և գտավ մի այլ իմաստուն, որ նրա սիրելին էր, և այդ իմաստունն ասաց իշխանավորին.
– Աշխարհում յոթանասուներկու ազգ կա և նրանցից ոչ մեկին չի հասնում այդ, բայց քեզ կհասնի:
Եվ իշխանավորն ասաց.
– Ինչո՞ւ աշխարհի յոթանասուներկու ազգին չի հասնում այդ, իսկ ինձ կհասնի։
Եվ իմաստունն ասաց.
– Վախենում եմ պատճառն ասել, որովհետև կսպանես ինձ։
Եվ նա երդվեց չպատմել նրան, եթե պատճառն ասի։
Այն ժամանակ իմաստունն ասաց.
– Որովհետև դու ամեն ազգից դուրս ես, անօրեն, և քո վրա չկա իշխանություն և ինչ կամենաս կարող ես անել:
ԱՐԴԱՐ ՄԱՐԴԸ
Մի երիտասարդ ուխտել էր հարամ բան ամենևին չուտել և մի օր նա գնաց գետի եզրը և տեսավ, որ ջուրը մի խնձոր էր բերում։ Երիտասարդն առավ խնձորը կերավ անոթի, ապա միտն ընկավ իր ուխտը և խղճմտանքով գնաց գետն ի վեր, գտավ մի այգի և իմացավ, որ խնձորն այդ այգուց էր։ Երիտասարդն ասաց այգետիրոջը.
– Ողորմիր ինձ և առ խնձորի գինը կամ հալալ արա, որովհետև ես հարամ բան ամենևին չեմ կերել։
Եվ բուրաստանի տերն ասաց.
– Կեսը, որ իմն է հալալ քեզ և կեսը՝ իմ եղբորն է, նրան տեր չեմ։ Եվ իմ եղբայրը հեռու է, այստեղից վեց օրվա ճանապարհ։
Եվ երիտասարդը ճանապարհ ընկավ և գտավ այն մարդուն, ասաց.
– Կամ առ քո կես խնձորի գինը և կամ հալալ արա ինձ:
Եվ մարդն ասաց.
– Ո՛չ գինը կառնեմ և ո՛չ հալալ կանեմ։ Թե կուզես, որ հալալ անեմ, ես մի աղջիկ ունեմ, որ ո՛չ ականջ ունի և ո՛չ էլ լեզու, և ո՛չ ձեռք և ո՛չ ոտք, նրան կին առ, որ հալալ անեմ։
Երիտասարդն անճարացած առավ այդ աղջկան և երբ առագաստ մտան, տեսավ, որ աղջիկը ամենևին առողջ էր։ Եվ երիտասարդն աներոջն ասաց.
– Ինչո՞ւ էիր ծաղրում քո աղջկան։
Եվ նա ասաց.
– Ես ճշմարիտ էի, որովհետև ծնված օրից իմ աղջիկը արեգակի լույսը երդկից է տեսել և օտար մարդու ձայն չի լսել և օտարի հետ չի խոսել և ձեռքով մեղք չի շոշափել և ոտքը դռնից դուրս չի դրել։ Եվ ես քեզ նման հալալ մարդ էի ուզում և ահա դու եկար։
ԱՌՅՈԻԾԸ ԵՎ ՄԱՐԴԸ
Մի զորավոր առյուծ նստել էր ճանապարհին, և տեսակ– տեսակ գազաններ այդ ճանապարհով գալիս էին դողալով և անցնում: Առյուծը հարցրեց նրանց.