Թոթովենց Վահան - Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա стр 6.

Шрифт
Фон

Մեկի ոտը սլլաց, ամբողջ հասակովը փռվեց սալահատակին, մսերը ճխլվեցին, բայց ոտի կանգնեց ավելի կատաղած։

Հորաքույրս թասի հարվածներին պատասխանում էր բաղնիսի աթոռով, խփում էր ծնկներին և ոտի ոսկորներին։ Հարված ուտողներն աղիողորմ ճչում էին և ուշաթափվում։ Վերջին ճիգով հորաքույրս նետեց աթոռը, ճեղքեց Օղաբերի ծծերից մեկը և ինքն էլ ուշաթափվեց։ Մայրս վրա պրծավ և դադարեցրեց կռիվը։ Ես շուտով հագնվեցի, որ գնամ և կառք բերեմ հորաքրոջս տուն փոխադրելու համար։

Ե

Մեր տան գլխավոր ծառայի անունը Գրիգոր էր, բայց մենք կարճ՝ Գոգո էինք կանչում։

Գոգոն տնից դուրս, հարևանների համար, մեր տան ծառան էր, բայց իսկապես նա մեր տան դիրեկտորն էր, ինչպես հայրս էր ասում։

Գոգոն միջահասակ մի մարդ էր, կարմրած աչքերով, լայն, հզոր ուսերով, խոշոր ոտներով, ծանրաշարժ, ֆեսի բոլորտիքը մի չիթ կապած, որը ծածկում էր ճակատի կեսը։ Նա դրսից բանջարեղեն և միս էր բերում տուն, պարտեզն էր խնամում, հորից ջուր էր քաշում, բաղնիսր բոխչա էր տանում, ձմեռը տանիքից ձյունն էր թափում, աղբ բերողի հետ պայման էր կնքում, միսն էր ծեծում և այլն, և այլն։

Այս բոլորից բացի (այստեղից էլ նրա դիրեկտորի կոչումը), նա ջոկում էր կատարում տան հյուրերի մեջ։ Իր չսիրած մարդուն պարզապես նա ասում էր․

– Քու սֆաթդ ինձ շատ խոշ չի գար, այս տեղերը շատ մի քըսվռտվիր։

Հայրս նրան սաստում էր, որ իր գործերին միայն նայի և «քիթը չխոթե ուրիշի գործերուն» մեջ, բայց Գոգոն համառությամբ շարունակում էր։

Նա գտնում էր, որ դա իր գործն է։

Հայրս պատվիրում էր նրան գնալ և, օրինակի համար, կանչել Մարտիրոս էֆենդուն՝ նարդի խաղալու։ Մարտիրոս էֆենդին Գոգոյի չսիրած տիպերից էր, բայց միաժամանակ չէր ուզում, որ հորս կամքի դեմ ըմբոստացած լինի և գնում էր, գնում էր ոչ թե Մարտիրոս էֆենդուն գտնելու, այլ բազարում մի քիչ ման գալու, վերադառնալու և ասելու։

– Մարտիրոս էֆենդին տուն չէր։

Գոգոն մեր տանն ապրել էր 35 տարի։ Եվ այդ երկար ժամանակը նրան իրավունք էր ավել հսկելու այդ տանը՝ ամբողջական սրտով և հոգով։ Մեր տնից աղջիկ տանողը՝ նրան էլ պետք է հարցներ, եթե տունը նոր հարս բերեինք՝ նա էլ պետք է գնար և հավաներ։

Տան բոլոր տնտեսությունը հանձնված էր նրա խղճին և խելքին։ Ամեն քարի կտորի, տաշեղի, կարտոֆիլի և սոխի գլխի համար նա ցուցաբերում էր խորը հոգատարություն։

Մի օր Գոգոն տուն եկավ և տեսավ, որ հայրս վարպետներ է ուղարկել ամբողջ սենյակները սպիտակեցնելու համար։ Գոգոն նախ զայրացավ, որ առանց իրեն հարցնելու էր կատարվել այդ, երկրորդ նա հարցուփորձեց և գտավ, որ կարելի էր մի քիչ ավելի էժան վարձել վարպետներին։ Մի քիչ մտածելուց հետո՝ նա վճռականորեն ետ ուղարկեց վարպետներին և ուրիշներին բերեց ավելի էժան, առանց նկատի առնելու, որ հայրս պայմանավորված էր նախկին վարպետների հետ։

Գարնան, երբ կովը սկսում էր բառաչել և մինչև անգամ գիշերները չէր թույլ տալիս, որ քնենք, հայրս կանչում էր Գոգոյին և պատվիրում, որ կովի մասին մտածի։ Գոգոն ծխախոտն ախորժակով քաշում էր և պատասխանում․ – Հաջի էֆենդի, քիչ մըլ թող կատղի․․․

Եվ մի քանի օր էլ թողնելով, որ կովը կատաղի, քաշում էր դուրս, տանում էր Մորենիկ գյուղը՝ եզների կլասիկ հայրենիքը, որպեսզի անասունի կատաղությունը մեղմացնել տա։

Եվ իսկապես, Գոգոն կովը վերադարձնում էր գյուղից՝ հանգստացած և մինչև անգամ լրջացած։

Երբ տուն էր հասցնում կովը, նա անմիջապես մտնում էր հավաբույնը, մի թարմ ձու վերցնում, բերում ու խփում կովի ճակատին, ամբողջ դեղնուցը քսելով կովի դեմքին։ Դա տեղական սովորություն էր, որ բարի նշանակություն ուներ։

Մեզանից ո՛չ ոք իրավունք չուներ այգուց որևէ բան քաղելու, պոկելու։ Այգու բացարձակ տերն էր Գոգոն։

Հանկարծ պատահում էր, որ դրսից մեկնումեկը մի քար էր նետում պարտեզի պարսպից դուրս ընկած՝ ծանրորեն բեռնավորված մի ծառի ճյուղքին։ Դա նշանակում էր արյունով գունավորված կռիվ։ Գոգոն կատաղում էր այնքան, որ բերանից փրփուր էր դուրս գալիս․ աղմուկ, իրարանցում, կոկորդ֊կոկորդի, և շատ անդամ քիթը֊բերանը ջարդվում էին։ Մայրս մեղքանում էր, գորովանքով մոտենում էր նրան և մեղմագին ասում․

– Թող քիչ մ՚ըլ քաղեն֊տանեն, ձայն մի հաներ, ատով մեր պտո՞ւղը կպակսի։

– Խանըմ, – պատասխանում էր փայլակնացայտ աչքերով, – յա ես ծառներուն տակը կսատկիմ, յա անոնք ծառներից հեռու կը կենան։

Մեզանից ոչ ոք այնքան չէր սիրում ու գուրգուրում մեր տունը, որքան Գոգոն։

Երեկոները մտնում էր մեր ննջասենյակը և հանգցնելով լույսը՝ հայտարարում էր․

– Ուշ է, հայտե՛, պառկեց եք, առտըվանց մինչև արևը պորտերնուդ վրա չիյնա՝ չեք արթննար։

Մենք հնազանդվում էինք, որովհետև նա կարող էր և իրավունք էր տրված նրան՝ ապտակել։

Գոգոն սաստիկ ջղայնանում էր, երբ սպիտակ պատերի վրա մատիտի խզբզոցներ էր գտնում և եղունգի քերծվածքներ։ Նա քննության էր ենթարկում բոլորիս մատիտներն ու եղունգները և վերջապես գտնում էր հանցանքի հեղինակին։ Հեղինակը գտնելուց հետո՝ գալիս էր հեղինակավոր ապտակը։

Ամեն աշնան Գոգոն գումարում էր ժողով մորս հետ՝ ձմեռվա տան պաշարը հոգալու համար։ Որքան որ մայրս պնդում էր յուղի, բրնձի կամ մի այլ կենսամթերքի այսինչ չափը քիչ է, Գոգոն պնդում էր իր ասածի չափի վրա․

– Հարկավոր է խնայողություն, խանըմ։

Եվ անպայման անցնում էր Գոգոյի տեսակետը։

***

Գոգոն ամուսնացած էր, բայց կինը մեր տան մեջ չէր ապրում։ Կինն ապրում էր գյուղում, որովհետև այնտեղ ուներ մի փոքրիկ տնտեսություն։ Տարին մի կամ երկու անգամ նա գալիս էր գյուղից, և նրան տեսնում էին միայն մայրս ու տան փոքրերը, ոչ հորս էր երևում, ոչ էլ մեծ եղբորս – ամոթ էր։ Գոգոյի կինը կարմիր֊ճակնդեղի կարմիր երեսով, կլոր, գեր և կարճահասակ մի կին էր, որին տրված հարցումներին կա՛մ գլխի շարժումով էր պատասխանում և կամ միավանկով։ Գոգոն մեր տան մեջ գրեթե հետը չէր խոսում, միայն պաշտոնական հարցեր էր տալիս – գլխավորապես տան և տնտեսության մասին – և ապա լռում։ Ավելորդ խոսակցություն անելը համարվում էր ամոթ։

Պատահում էր (երբ կինը գյուղումն էր լինում), որ Գոգոն սկսում էր առանց պատճառի ջղայնանալ – գոռում էր, ամաններ էր կոտրատում, կովին քացի էր տալիս և այլն։ Հայրս այդ ժամանակները կանչում էր մորս և նրա հետ մի փոքրիկ խոսակցություն էր ունենում այդ մասին։

– Մարգրիտ, – ասում էր հայրս, – էդ մարդը նորեն կատղեր է, աչքերը չաթալ կտեսնեն կոր, գեղ ուղարկե՛, երթա, հանգստանա, գա։

Մայրս համաձայնում էր հորս հետ, և հաջորդ օրր Գոգոն նստում էր էշը և գնում գյուղ մի քանի օրով։ Եվ վերադառնում էր Գոգոն աչքերի բոլորովին այլ արտահայտությրւններով, մեղմացած, ժպտուն, բարյացակամ, եթե ամբողջ գիշերը լույսը վառ պահեինք՝ չէր նեղանա, մինչև անգամ փոքրիկներիս վերցնում էր իր ուսերի վրա և ման ածում։ Այն ժամանակ ես ոչինչ չէի հասկանում, այժմ եմ հասկանում նրա տրամադրության հեղաշրջման պատճառը։

Երբ Գոգոն նորից էր սկսում ջղայնանալ, կատաղել և մեզ տված ապտակները շատացնել՝ մենք փոքրերս անգամ, գնում խնդրում էինք մայրիկից։

– Գոգոն գեղ ղրկեցե՛ք, ի՜նչ կըլլի, նորեն սկսեր է մեզ ծեծել։

Մայրս քթի տակ մեղմորեն ժպտում էր և, այս անգամ, առանց հորս թելադրանքին, Գոգոյին ուղարկում էր գյուղը։ Այդ բանի համար մենք չափազանց ուրախանում էինք, նախ՝ մի քանի օր բացակա էր լինում տնից և երկրորդ գալուց հետո էլ անսահման բարի էր լինում։

Անցնում էր միառժամանակ, նորից Գոգոյի աչքերն սկսում էին չաթալ տեսնել, սրտնեղություն անսահման։

– Մայրիկ, ղրկեցե՛ք Գոգոն տուն․․․

– Շատ գործ ունի, օղո՛ւլ, ամեն ատեն գեղ երթա՞լ կըլլի։

– Ի՞նչ կըլլի, ղրկե՛․․․

Եվ Գոգոն նորից էր գնում և վերադառնում բարի։

Այդ բարի օրերից մեկում Գոգոն փրկեց իմ կյանքը կամ առնվազն՝ հաշմանդամ լինելուց։

Մեր տան դահլիճի առաստաղի վրա կար մի արձանագրոոթյուն, որը գրված էր տունը կառուցելու ժամանակ։ Այդ արձանագրությունը հետևյալն էր.

«Որդիքս Հակոբ, Գևորգ, Լևոն

Ժարանգորդք են տանս այսորիկ»։

Որովհետև տան կառուցված ժամանակը ես ծնված չէի, ուստի իմ անունս արձանագրության մեջ չկար։ Մի օր ես այնպես մտածեցի, որ եթե իմ անունը չկա, ուրեմն ես չեմ կարող ժառանգորդ լինել «տանս այսորիկ»։ Ներքևի հարկից, գաղտնի, վեր հանեցի եռոտանին և բարձրացա վրան, որպեսզի իմ անունը ես ավելացնեմ ժառանգորդների ցանկում։ Դեռևս գրելու գործողությունը չէի սկսել, երբ եռոտանին սկսեց երերալ և ծռվել։ Բարեբախտաբար, արձանագրությու ից քիչ հեռու կար մի մեծ կեռ երկաթ, որից ձմեռը մեծ լամպն էին կախում, բռնեցի այդ կեռ երկաթը, եռոտանին մնաց ոտներիս տակը, բայց անկարելի էր ցած իջնել, որովհետև եթե երկաթը թողնեի, եռոտանին պետք էր կործանվեր։ Սկսեցի ճչալ ահ ու սարսափով։ Գոգոն, լսելով աղիողորմ ճչոցս, անմիջապես վազեց վեր և շուտափույթ ըմբռնելով կացությունը, բռնեց եռոտանին ու ես, առանց վախի, սկսեցի ցած իջնել։

Ваша оценка очень важна

0
Шрифт
Фон

Помогите Вашим друзьям узнать о библиотеке

Скачать книгу

Если нет возможности читать онлайн, скачайте книгу файлом для электронной книжки и читайте офлайн.

fb2.zip txt txt.zip rtf.zip a4.pdf a6.pdf mobi.prc epub ios.epub fb3