– Մարթան էլ շատ ճվաց, բայց մինչև գեղացվոց հավսարի հասնելը, Մահմեդը խեղճ աղջկան լեղաճաք արավ:
Վարդևանը չկարողացավ պատասխանել, նա իսկույն կապոցն առավ աղջկա ձեռքից ու բաց անելով՝ նշխարքի նման, բարակ ու սպիտակ հացից բերանը գցեց: Մելքոնը մոտեցավ և մի պատառ հացով մածնի պուտկի երեսից սերը քաշեց և կուլ տվեց: Մարջանը հանդի մեջ կանգնած սպասում էր, որ Մարգարիտը նրան ընկերակցի մինչև իրենց արտը: Մարգարիտը նրա սպասողական հայացքը զննելուց հետո սիրտ արավ և ասաց դողդղալով.
– Ապա՜ր, Մարջանի հետ գնամ նրանց արտը, մենակ վախենում է…
– Գնա՜, աղջի՜կս, գնա՜, շուտ էլ դարձե՜ք, մի մնաք: Մի վախենաք, գնացե՜ք, աչքս ձեր ետևից է:
Երկու ընկերակիցներն արագ քայլերով հեռացան: Վարդևանը նրանց ետևից դիտելով մնաց նստած տեղը արձանի նման և սրտի խորքից մի դառն հառաչանք արձակեց: Ամպերը հետզհետե կուտակվեցան, մռայլեցին Վարդևանի թախծալի դեմքը, անձրևի բարակ կաթիլների հետ խոնավությունը թափանցեց ռանչպարի մարմնի, ոսկորների ծուծը, և նրա վշտացած սիրտը կսկծացրեց ու մղկտացրեց: Նա երբ յուր լղար արջառներով կրկին փորձեց ցանքը առաջ տանիլ ու վերջացնել գործը, արորի կապերը քայքայվեցան ու ցրվեցան, և Վարդևանը շվարած մնաց անձրևի տակ, առանց մի կտոր թաղիքի կամ կարպետի ծածկոցի:
3
Գիշեր էր անցել: Վարդևանը արորը հազիվ մի քիչ կարգի էր բերել և Մելքոնին հանդի մեջ լծկանների քով թողած, եկել էր տուն հանգստանալու: Փոշենման թոնը սփռվում էր, և դաշտերը ամեն կողմ թրջվել, խխմել, այնպես էին կակղել, որ ման գալն անհնար էր դարձել, մարդիկ քայլելիս մինչև ծնկները խրվում էին ցեխի մեջ: Այնպես թանձր ամպերով էր պատել երկինքը, որ ո՜չ միայն ոչ մի աստղ չէր նկատվում, այլև խավարը կատարելապես տիրապետել էր, դաշտում ոչինչ չէր տեսնվում: Շխնոցը անհայտացել էր մառախուղի մեջ և բացի շների երբեմնակի տխուր ոռնոցից, ոչ մի շշուկ չէր լսվում: Աղջամուղջը կարող էր կատարելապես հուսահատեցնել, եթե մարդիկ զարթուն և սթափման վիճակի մեջ նրանում գտնեին, բայց քնի ժամանակ տպավորություն չէր կարող գործել այդ մառախուղը մարդկանց սրտերում:
Շների ոռնոցը աստիճանաբար սաստկանում էր, և գյուղի սահմանից լսվում էին սոսկալի հաչոցները: Մարդիկ՝ գյուղացիք, այնպես էին հոգնել ու դադրել, այնպես էին լքանել ու թմրել, քնել ու խորթացել, որ ոչ ոք ուշք չէր դարձնում այդ հաչոցներին: Բայց հավատարիմ կենդանիները իրար հետ բոլոր ուժերով հաչում էին անընդհատ: Հեռվից լսվում էր ևս ձիերի ոտնաձայներ, որոնք աստիճանաբար մոտենում էին գյուղին, և կարծես ձիերն էլ հոգնած, ուժասպառ գյուղի շների ոռնոցի ձայնից քաջալերված, աշխատում էին ժամ առաջ հասնել իջևան և հանգստանալ: Ձիավորները շատվոր չէին, չորս հոգի էին և բոլորն էլ զինված: Նրանց բարձրացրած աղմուկը բորբոքում էր Շխնոցի շներին:
Վերջապես մտան գյուղ և այս ու այն կողմ ոլորվելուց հետո եկան իջան Վարդևանի դռանը: Մի քանի անգամ դուռը զարկին և ձիավորներից ավելի համարձակը իջավ ձիուց, բարձրացավ կտուրը և ձեռքի մտրակով շների հետ կռվշտելով երդիկից ձայն տվեց.
– Վարդևա՜ն, Վարդևա՜ն, դուռը բաց:
Մի քիչ հետո Վարդևանը ճրագը ձեռքը դուրս եկավ և բակից ինչ-ինչ հարցեր տալուց, պատասխաններն ստանալուց հետո դուռը բացեց և ներս քաշեց անկոչ հյուրերի ձիերը: Չորս ձիավորներից երկուսը դատաստանական ատյանի ծառայող էին, մինը ոստիկան և չորրորդը Վարդևանի պահանջատերը` Գևորգ աղան էր: Հենց այդ միջոցին ամպերը սաստիկ գոռգոռում էին, և օդը փայլատակում էր, բայց Գևորգ աղայի անակնկալ գալուստը միայն շանթահարեց Վարդևանին:
Հյուրերին ներս առաջնորդեց Վարդևանը, ձիերը ախոռը կապելով, բայց դրանց կերակրելու ոչինչ չուներ տանը: Ո՜չ կաթ ուներ, ո՜չ մածուն, եղն ու պանիրը վաղուց էր սպառել, իսկ հացը առավոտ միայն թխելու էր Գարանը: Խոտ, գարի, դարման, յոնջա՝ նշույլն անգամ չէր մնացել:
– Ձիերին յոնջա տո՜ւր, – ասաց ոստիկանը հրամայական եղանակով:
– Յոնջա՞, – ասաց ապուշ–ապուշ Վարդևանը, – այս տարվան բքերն ու ցրտերը տունը երդ շատ թողի՞ն, որ ես մարագի անկյուններից ձեր ձիերի համար յոնջա գտնեմ:
– Խոտ բե՜ր, – ասաց վրդովված ոստիկանը:
– «Ես ասում եմ, թև ներքինի եմ, նա կրկին հարցնում է, քանի՞ որդի ունիս»:
– Ահա, էֆենդի, թե ի՞նչ անխիղճ են այս գյուղացիք… Ես որ ձեզ պատմում եմ, դուք չեք հավատում, – ասաց բորբոքված Գևորգ աղան: Կեսգիշերին, այս անձրևին, փայլատակումներին ու ցեխին ես ո՞ւմ դուռը գնամ և պարեն գտնեմ մեր ձիերին: Դադրած անասունները հիմի տանջանքից կկոտորվեն:
– Ինչի՞ չեք հավատում, աղա՛, ինչի՞ եք ամբաստանում, ահա ճրագը, ահա մարագներս… Հրամմեցե՜ք, ես ձեզ կառաջնորդեմ ամեն տեղ, դուք խո տանս լավ ծանո՞թ եք: Եթե մի բան գտնեք, ես արժանի եմ ձեր նախատինքին ու մեղավոր, ապա թե ոչ, դուք ինչ եք պատասխան տալու ձեր խղճին…
– Ծո՜, հիմի հավատա՞մ, որ մի բուռը խոտ կամ դարման էլ չունիս:
– Արևս վկա՜, գլուխդ վկա՜, աղա՜, ինչի՞ ես անհավատացել:
– Ախար անլեզու անասուններին խո չե՞նք կարող սպանել:
– Ի՞նչ անեմ, ո՞ր ջուրն ընկնիմ:
– Դրկիցից փոխ ա՜ռ, պարտք վերցրու, գնա փողով գնե, ես կվճարեմ:
– Այո՜ , եթե լինի, եթե ունենան, – ասաց Վարդևանը հառաչելով:
– Ծո՜, փողն որ ցույց տաս, հոգիներն անգամ կծախեն, – ասաց Գևորգ աղան:
– Չկա, չունին… Հավատա՜ խոսքիս:
– Գնա՜, – ասաց պաշտոնապես էֆենդին Վարդևանին, – այս ոստիկանին էլ տար և ձեր քեհյային ասա, որ մեզ համար խոտ, գարի գտնի և ինքն էլ գա, նա մեզ անմիջապես հարկավոր է:
Վարդևանը ոստիկանի հետ գնաց և բավական ուշացան, մինչև մի խուրձ հոտած ու ապականած խոտ գտան ու բերին: Մինչ երկուսով էին մնացել սենյակում՝ վաշխառուն ու պաշտոնականը, առաջինն ասաց.
– Էֆենդի՜, սաստիկ համառ է այս անիծածը, դուք պիտի աշխատիք սրան վախեցնել, հետո քիչ-քիչ համոզել, որ գրավ դնե ինձ մոտ հողերը, մինչ փողիս վճարելը: Հակառակ պարագայում դուք սպառնացեք, որ աճուրդով ծախել կտաք ինչպես շարժական, նույնպես անշարժ կալվածները:
– Դու անհոգ կաց, Գևորգ աղա՜, ես նրան մեղրամոմից կփափկացնեմ:
– Դուք չգիտեք, էֆենդի, սրանք ի՞նչ սերունդից են, որ կտրտես, դարձյալ իրենց խոսքը չեն փոխիլ: Պետք է խիստ վարվել և դաժան դեմք ստանալ: Հակառակ պարագայում զուր կանցնի մեր այցելությունը…
– Զուր կանցնի՞: Դու շնորհքս չտեսա՞ր այսօր այնտեղ, այստեղ էլ միևնույն բանը կպատահի…
– Այնտեղ ուրիշ էր դրությունը, այնտեղ ձեռքումդ հրամանագիր ունեիր դատարանից, այնտեղ կարգադրված էր անել, այն բոլորը, իսկ այստեղ պետք է հանգամանքից օգուտ քաղել և նենգությամբ, երկյուղի ազդեցությամբ գործ տեսնել: Դուք վստահ եղեք, ես կարող եմ երեք-չորս օրից կարևոր թղթերը դուրս բերել հուգուգից (դատարան) և սրա համար, բայց ասում եմ, որ առանց այդ ծախսին այս գործն էլ կարգի բերենք:
– Քու խոստացածդ երկու լիրան պատրաստիր, ես քո գործդ, ինչպես խոսք տվի, գլուխ կբերեմ: Գրավականով մուրհակ չե՞ս ուզում, կալվածների ապահովագրության թերթը չէ՞ քու կամեցածը, ես կարգի կբերեմ, էլ ի՞նչ ես ուզում:
Վերջապես քեհյան եկավ Վարդևանի հետ: Գյուղում դեսից-դենից քիչ գարի էին գտել, հավի կուտից, բունկալների խոտից հավաքել, բերել էին ձիերին: Էֆենդին երկար-բարակ գյուղապետ քեհյային նախատելուց, անարգելուց և հայհոյելուք հետո ասաց.
– Քեզ կանչել եմ, քեհյա՜, որ վկա լինիս այստեղ: Գիշերս ես, Արզրումի հուգուգ մեջլիսի կարգադրության համաձայն, ցուցակագրելու և գրավելու եմ Վարդևանի կայքը Գևորգ աղային ունեցած պարտքի հաշվին: Թե՜ շարժական և թե՜ անշարժ, ինչ որ ունի, բոլորը պիտի ցուցակագրեմ: Քեզ կանչելուս պատճառն այն է, որ ինչ որ ունի, չունի, բոլորը մեկ-մեկ մեզ հայտնես, առանց ծածկելու, որպեսզի ապագայումն էլ պատասխանատու մնաս ծածկված ապրանքների համար:
– Իշխանության հրամանին հնազանդելու պարտավոր ենք, բայց խնդրում եմ թողե՜ք այդ գործը մինչև լույս: Մինչև այն ժամանակ գուցե աղան հաշտվի մի կերպ Վարդևան աղբոր հետ: Եթե չհաշտվեն, գոնե ես միջոց կունենամ առավոտ դրացիներից նրա ունեցած չունեցածի մասին տեղեկություններ հավաքել և ձեզ լիովին, ճշգրիտ զեկուցում տալ:
– Այդ ես չգիտեմ, – ասաց Էֆենդին, – եթե Գևորգ աղան համաձայնի, ես արգելք չունիմ: Ես էլ կխնդրեմ, որ եթե հնարավոր է` հաշտվի…
– Վարդևան աղբար, ախր գործդ ինչի՞ ժամանակին կարգի չես դնում, – ասաց քեհյան, – որ դուռդ կեսգիշերին պաշտոնյա գա: Ամոթ է, մենք հայ քրիստոնյա ենք, ես կխնդրեմ Գևորգ աղայից, որ ներողամիտ լինի քու պակասությանը: Մենք առանձնանանք ու կարգի բերենք հաշիվդ, առանց դրացիներդ բանը լսելու: Առավոտ վաղ վեր կենան ու գնան, պատիվդ էլ դուռ-դրկիցի մոտ հողի հետ չհավասարվի:
– Չգիտեմ ի՞նչ պատասխանեմ… Մի՞թե այս քրիստոնեություն է, մի՞թե այս մարդկություն է… Մի՞թե աստված չկա, խիղճ չկա, – ասաց հեկեկալով Վարդևանը և ձայնը կոկորդի խորքերում խեղդվեց: