Աբովյան Խաչատուր - Վերք Հայաստանի стр 8.

Шрифт
Фон

Թե սուտ եմ ասում, ա՜յ շամըհաթ, մատըներդ կոխեցե՛ք, աչքս հանեցե՛ք, թե չէ` ախր մեր ազգը որ խեղճ ա մնացել, թրի, կրակի եսիր, բոլորի պատճառն էս ա, որ մեզ մեկ ասող չի՛ ըլում, թե մենք ո՞վ ենք, մեր հավատն ի՞նչ ա, ընչի՞ համար ենք էկել աշխարհ. քոռ գալիս ենք, քոռ գնում: Հա՛, լավ, հավն էլ ա օրը հարիր անգամ, ջուր խմելիս կամ կուտ ուտելիս, գլուխը ցածացնում, բարձրացնում, էստով ի՞նչ կդառնա: Ո՞վ չի՛ գիտի, թե երկնքումն աստված կա, մեզ համար՝ դատաստան: Ամա պետք է իմանանք էլ, թե երկրումը ի՞նչ պետք է անենք, որ էս դատաստանի տակը չընկնինք, է: Ախպե՛ր էսպես չի՞, դուք ասեցե՛ք. ես մեղա, գլուխս քարը: Տո՛, ետին թուրքն էլ ախր Ղուռանի շատ փայը անգիր գիտի, ես մեկ Հայր մեր չեմ գիտում, ախր ի՞նչ իմանամ, թե հոգիս ո՞ւր կերթա, մարմինս՝ ո՞ւր, ախր իմ խեղճ երեխեքն ինձանից ինչ պետք է սովորին: Շատ բան ասիլ չի՛ ըլում: Չի՛ ըլիլ, որ մարդ իր մատը իր աչքը կոխի, իր ձեռով իր գլխին յա երեսին թակի. ամա ի՞նչ անեմ, սիրտս պատռում ա, որ մեր ողորմելությունը միտքս եմ բերում: Թո՛ղ ինձ կարդացնեն, որդուս ուսումն տան, մեզ ճամփա շհանց տան, ճամփից, հավատից չհանեն, սատանի փայ ըլիմ, մեկ բուռը հողի, մեկ գազ կտավի, ժամ, պատարագի հասրաթ, թե աչքս ուզեն, չհանեմ, իրանց տամ. որդիս ուզեն, չմորթեմ, մատաղ անեմ:

– Ի՞նչ ասեցիր, հերիք ա, խնամի Հարություն, – ասեց տանուտերը, – ո՞ւմ ասես, ո՞ւմ. հազար շուն, հազար գել կա, որ ո՛չ գիր գիտեն, ո՛չ գրի զորություն, մեր աստղը մեկ անգամ թեքվել ա. էսպես էկել ենք, էսպես կէրթանք, ամեն մեկ խոսքդ մեկ ջավահիր աժի, ամա ո՞ւմ ասես: Գիլի գլխին ավետարան կարդացին, ասեց՝ շուտ արեք, սուրուն գնաց: Բիլանա բիր, բիլմիանա բին. թուրքն ա ասել (իմացողին մեկ, չիմացողին հազար), ո՞ւմ գլուխը ծեծենք. ո՞վ կուզի, որ իր աչքը քոռ ըլի, ամա որ ասածդ տեղ չի՛ հասնում, ի՞նչ ես գլուխդ ցավացնում, բերանդ ափսո՛ս չի՞. քարին որ, հլա աստված սիրես, տասը տարի քարոզ էլ ասես, քյա՞ր կանի: Աստված մեր հորնըմոր հոգին լուսավորի՛, որ եկեղեցու դուռն ու ճամփեն էլա սովորցրել են, թե չէ հենց յաբանի հայվանի պես պտի մենծանայինք: էդպես բանի վրա տարով էլ որ խոսաս, տուտը չի՛ հատնիլ. գնա՛նք տուն, ու ինչ որ աստված տվել ա, վայելենք, մեր հորնըմոր ողորմաթասը խմենք, հալբաթ աստված մեկ օր իր ողորմո»թյան դուռը բաց կանի, էսպես հո չի՞ մնալ: Գնա՛նք, գնա՛նք, թե չէ շուտով մենծ պասը կգա. էն վախտը վա՜յ քո օրին՝ հա՛, կա՛ց ու թթու կե՛ր, գազար կրծի՛ր ու բերնիդ ու փորիդ հուպ տո՛ւր: Բարիկենդան ա, մեր քեֆն անենք հլա. ինչ աստծու կամքն ա, է՛ն ըլի: Փողատերն էլ իր համար կենա, վարդապետն էլ. լավության չեն անում, իրանք գիտեն, նրանց մեղքը հո մեզանից չե՞ն հարցնիլ, մեզանից չե՞ն ուզիլ. ո՞վ ա գիտում, թե էգուց գլխըներիս ի՞նչ կգա. մարդի միս են ուտում, արինը խմում, ո՞վ ճար ունի, իր գլխին ա անում, մերն էլ՝ աստված, էսպես չե՛նք մնալ, փիս բանը, փիս ճամփեն էսօր ա, էգուց լիս կընկնի, ու էն ժամանակը շատ մեր լաց կըլի: Ճամփեն որ ուղիղ ըլի, ինչքան երկար էլ ըլի, գնա՛, դուզ ճամփից մի՛ դուս գալ. թե չէ, որ սարերով, չոլերով ընկար, բանդ բոշ ա, գլխիդ փորձանք շատ կգա: Ցոլդան չխանն գյոզի չխար (ճամփից դուս Էկողի աչքը դուս կգա): Գնա՛նք, գնա՛նք տուն, տեսնենք, մեր խանումը ի՞նչ ա հազիր արել, խեղճը սաղ գիշերը աչքը չի՛ կպցրել ու հենց չարխի պես գլխի վրա պտիտ էկել, դես ու դեն ընկել:

– Աղբաթը խեր ըլի մեր տանդրոնջ, թե նա չէ՛ր էլել էս մարդը մեր գլուխը հենց սալթ կտաներ, – էն կալմիցը մեկը բեղերն ոլորելով, քիթը վեր քաշելով, իշտահով կում անելով, հազալով, գլուխը տմբացնելով ձեն տվեց: – Հինգ սհաթ ա, ժամը դուս ա էկել. ագռավներն էլ, որդիանց որ էլավ, հմիկ մեկ կտոր միս յա աղբ, յա ուրիշ զատ քթած, կերած կըլին. փորըներս ղլվլում ա, անկաջներս դժժում, ցուրտը մեկ դհիցը գափըներս տանում, սովը մեկ դհից զոռ անում, սա հենց իր խոսքի տուտը բռնել ա ու ոտը վեր կալած ջաղացի պես դանը վրա ածել, գլխիցը դուս տալիս: Քիչ էր մնացել, որ ասեի՝ քարվանը գնաց, պոչդ կարճացրու, դնգի ոտը ցածրացրո՛ւ, բերնիդ կապը կապի՛ր, լեզուդ քնացրո՛ւ. ու քամի ունիս, տա՛ր, ձեր տանը փչի՛ր. Էս քամին մեզ հերիք ա, որ ոտնուձեռ սառցնում, փետացնում ա: Կրակ, պատուհաս ա, էլի. Զրից ունիս, տա՛ր, ձեր քուրսու տակին արա՛, որ լսողի քունը տանի. Ի՞նչ ես չարչու մասալեքդ բացարել, գլխըներս տանում: Մենք էլ լավ գիտենք, թե կորած էշը ո՞ր գոմումն ա կապած, ամա ի՞նչ անես, որ մոտանողի շլինքը կոտրում են, իշի ոտն ու զլուխը խուզում. որ տերը տեսնելիս զռում էլ ա, ասում են, թե քոնը չի՛, ո՞ւմ գլուխը կտրես: Վաղի մասալեն չըլի, թե՝ Ուղտին հարցրին. ընչի՞ ա շլինքդ ծուռը, – ասեց, ի՞նչ տեղս ա դուզ, որ շլինքս ծուռը չըլի: Մեր բանն էս ա դառել, ասելով ո՞ւմ կապի կբերես. առաջ լուծն ու կամըդ պատրաստի՛ր, կալդ շինի՛ր, դեզդ դիզի՛ր, ետո գիժ մոզու անկաջիցը բռնի՛ր, է՜. հո հազար անգամ տեսել ես, որ կամն առնում ա, չոլերն ընկնում, էլ ի՞նչ ես նհախ տեղը բերանդ ցավացնում, մեզ էլ հացից քցում: Ցանք անողը առաջ պետք է գետինը վարի, փափկացնի, ետո սերմն ածի, թե չէ էլածն էլ ղուրդ ու ղուշ կուտի, կմնաս գլուխդ քորելով, մատդ լպստելով: Մեղրաճանճին մուխ տո՛ւր, որ փախչի, թե չէ երեսդ ես դեմ անում, հալբաթ որ կկծի, յարալու կանի: Ամեն մարդ հենց իր ձին ա քշում, էլ առաջը մտիկ չի՛ անում, թե ո՞վ ա կանգնած: Ճրագը իրան տակին ա լիս տալիս. աշխարքը՝ դմակ, մարդը՝ դանակ, ո՞վ ա հարցնում: Բարդին կռացնես, քեզ վրա կընկնի, գլուխդ կջարդի: Ուրագն իր դեհն ա տաշում, ծառն իր տակին շվաք անում: Ջուրն իր ձկանը պահում, հավն իր ճուտին մուղայիթ կենում. սաքի որ ամպի պես էլ գոռաս, լսողն ո՞վ ա: Դեղ ունիս, քո գլխին արա՛. եղ ունիս, ձեր բղղումը պահի՛ր: Ինչ կուզես` արա՛ յա ասա՛, ջուրն իր ճամփեն կքթնի: Հենց դու կմնաս միջումը փսամարդի: Դրուստը խոսողի փափախը ծակ կըլի, չե՞ս լսել: Ով ասես՝ գլխին կխփի ու բուրդը քամուն կտա: Ի՞նչ բանդ ա, փորդ հո բերնիցդ բարձր չի՛: Շունչդ փորիցդ ա դուս գալիս, պահի՛ր, տազ արա՛. քեզ ո՞վ ա ասում, թե արի, մեր կալը չափի՛ր, որ չանաղդ քեզ ու քեզ դեմ ես անում: Թե մեկ բան էլ գիտես, ձեր տան պատերին էլ մավա մի՛ գնալ, հողին էլ մի ասիլ. ձեն կտան, դու կմնաս միջումը մեղավոր: Ախր ի՞նչ անես, որ լսող չկա. հո չե՞ս կարող քեզ սպանիլ: Հոտաղ կերել եմ, հոտաղ մենծացել, պարտական մնա, որ ինձ մեկ լավ ճամփա ցույց չի տվեց, ո՞ւմ զլուխը կտրես յա՛ աչքը հանես: Ղիամաթումը սառչում ենք, սա հենց ի՛ր զուռնեն ա փչում. տո՛, զուռնեն է՛ն տեղ փչիր, որ պար Էկող էլ ըլի, է՜, աղբաթի խեր. թե չէ՛, էս չոլումը որ փչում ես, քեզ ո՞վ շաբաշ կտա, ո՞վ բարաքյալլա կասի:

Տանուտե՛ր, տունդ շնորհավոր: Խնամի Հարությո՛ւն, ասածս սարին, քարին դիպչի, քամին տանի. համեցե՛ք, խռովել ես, սառը ջուր խմի՛ր, սիրտդ հովանա, համեցե՛ք, քո գլուխը որ կա, սար ա. անձրև, ձին, կարկուտ, կայծակ թո՛ղ դիպչի էլ, գա էլ, ի՞նչ վեճդ ա: Մենք էլ լավ գիտենք, որ. դրուստն ես ասում, ամա ի՞նչ անես, որ գեղըցու խոսքը չվանի չե՛ն դնում, քաղաքացին էլ տեղը տաքացրել, տազ արել, իր չայը խմում, ո՞ւմ դարդն ա, թե քարը քարի վրա չի՛ կանգնիլ.ամեն մարդ իր գդակն ա դզում, իր գլուխը քորում. բերանդ բաց անելիս՝ հող են ածում, աչքդ բաց անելիս՝ թոզ. շունը տերը չի՛ ճանաչում, ո՞ւմ ասես, ո՞ւմ: Կուտ ունիս, քո հավի առաջն ածի՛ր. դան ունիս, քո ջաղացը տա՛ր: Դու էլ, թե ձեռիցդ գալիս ա, դանակդ սրի՛ր, մեկ կողմիցը վրա թռի՛ր, աշխարքս թալան-թալան ա, նամարդը իշի փալան ա: Հա կա՛ց ու քեֆ արա: Բարիկենդան օրեր ա, խելքըներս կորել ա, ետո ես կգամ, առաջ դու գնա:

Անջախ մի անջախ իրար բոթբոթելով, համեցեք անելով. կռնից, թևից քաշելով տուն ընկան:

Արի՛, հմիկ գոմի դռանը կանգնի՛նք ու մեր քեդխուդեքանց քեֆին թամաշ անե՛նք: Բայց ի՞նչ անես, որ չե՛ն թողում. Հազար յադ ու այլազգի էլ որ ըլիս, սրանց սովորությունն Էնպես ա, որ աոանց քեզ թիքա չեն բերանները դնիլ. չգնաս՝ կխռովին, ու ամեն մարդ իր տունը կերթա. Գնա՛նք, ի՞նչ կա որ, հո մեզ չե՞ն ուտիլ: Տարով մեջըներումը մնաս, քեզ տնետուն ման կածեն, քեֆ շհանց կտան: Բարիկենդան օրը հո, որ քարվան մտնի գեղը, ճամփից ետ կդարձնեն. քեզ էլ կպահեն, նոքարներիդ էլ, ձիանոնցդ էլ, իրանք քո հոգսը կհոգան, քեզ քնից, տեղից չեն ժաժ տալ, Էնքան ղոնաղասեր են:

Լսեցի՞ր, նստեցի՞ր, չէ՞. Կանգնի՛ր, իմացի՛ր, բանը բանի նման չի՛. ա՛ռ քեզ տրաքոց, Շփոթ ա խաշիլ ա, որ հմիկ իրար կխառնվի, Թե ճար ունիս, փեշդ ձեռիդ պահի՛ր, գդակդ գլխիդ, թե չէ՛, գլխաբաց որ դուս գաս, խարփուխ կընկնիս, թե ասածս չանես, պարտական ըլիս: Գոմի սարան էնպես էր տաքացել, ինչպես համամ, Աթարի կրակի մարմանդ գոլը մեկ կողմից, եղի, կովի, ձիու հոտը՝ մյուսիցը, մարդի Քյալլա էին ծակում: Փորները՝ սոված, գլխըները՝ դարտակ, ձեռք ու ոտք մրսած, գոմի ծանրացած բուղն ու կրակի սև ծուխն էլ որքըթըներին չդիպավ, մաղձ ու աղիք իրար գլխով տվեց: Որը բերնին էր հուպ տալիս, որը աչքին, որը փորին, որը քթին, որն էլ թաքուն էր քաշում, որ բալքի թե էն զահրմար հոտը մի քիչ կտրվի: Որը փռշտում էր, որը հազում, որն էլ էնպես էր զկռտում, որ սիրտ ու թոք հետը դուս էին գալիս: Ամեն մեկ քիթ նաղրախանա էր դառել, ամեն մեկ բողազ զոռոտոտո, ամեն մեկ փոր՝ դավ ու դարյա, հազալիս երես ու միրուք էր, որ ներկվում էր: Փռշտալս, հենց գիտես, անձրև էր գալիս, քթի ցելթուկը ինչ տեղ ասես հասնում էր. երես, բերան, աչք, ունք էլ չէր ասում, թե աստված ա ստեղծել: Շատը աղլուխ չունենալով՝ կամ փեշով էր սրբում քիթը, կամ ձեռը պատին քսում, կամ թե չէ քիթն է՛նպես էր սաստիկ վեր քաշում, որ մեկ բուռը ծուխ ասես, բուղ ասես, գոմի հոտ աս՜ես, թոզ ասես՝ քոզաքալա բարձրանում, բեին էին համբարձվում: Էս միջոցումը խեղճ տանդրոջ կնիկն էլ փեշերը վեր քաշելով, քիթը սրբելով գլուխը քարը չի տվեց, ուզեցավ, որ ներս մտնի ու ղոնաղներին բարի լիս ասի ու գալըները շնորհավորի՛ հազի, փռշտոցի ձենը լսելով քաղաքավարություն բանացրեց, գոմի դուռը բաց արեց, որ մի քիչ հոտն ա ծուխը դուս գնա: Բայց երանի, թե ձեռը կոտրըվել էր, չէ՛ր բաց արել: Հենց դռան ճռռոցն իմացան թե չէ, աշխարքն իրար գլխով դիպավ, ու որն անգդակ, որն քուրքը քաշ տալով, աչք ու քիթ բռնած էնպես քոռըքոռ հենց ուզեցան, որ դուս թողին, երեսները մի քիչ հովին տան, էլ չկարողացան առաջներին մտիկ անիլ, չունքի տունը ծուխը խավարացրել էր, բուղը ամպի պես կալել. իրար գլխով ընկան, հենց իմացան, թե քամին դուռը բաց արեց, ու մեր խեղճ տանդրոջ կնկա չանը իրան հասցրին, ոտի տակ տվին: Հարայ բոցը որ իմացան, ետ դարձան, աչքդ բարին տեսնի, չէին իմանում՝ ծիծաղա՞ն, թե սուգ անեն, յա վրա հասնին, քոմակ անեն, չունքի տանդրոջ խաթունը էնպես էր ծանրագոգոթ խրվել գոմի կպրե կաբասումը, որ էլ ո՛չ քիթ, ո՛չ երես, ո՛չ լաչակ, ո՛չ մինթանա (ղերիա), դարտակ տեղ չէր մնացել, բոլոր ռուսվա էր էլել վարդահոտումը: Էս ղուլմա-ղալամը ողորմելին հենց իմացավ, թե ձեռները թամուզ են, հենց մատները բերանը տարավ, որ օշմաղը մի քիչ բաց անի ու շունչը քաշի, քո դուշմանի գլուխը չի՛ գա, ինչ նրա գլուխն էկավ. Մեկ դուրում տաք-տաք, կովի էր թե գոմշի, չգիտեմ, մազա էլ էս վախտը բերանն ընկավ ու սրբություն, խաչ, ավետարան աչքիցն ընկավ: էլ թուք ասես, վատ խոսք ասես՝ նա էր, որ կվաթաթախ բերնով տալիս էր ու ասում, ծանրագլուխ տանուտերը ընչանք հմիկ Էնպես էր իմանում, թե ֆորթերն են կապըները կտրել, իրար գլխով ընկել, ու տանտիկինն ուզում էր, որ տուն անի. աչքը ցցեց դռան մեջը թե չէ, տունը գլխին փուլ էկավ: Մերու արջի պես բղղալով, ճղղալով, էստուր-էնդուր գլխին բամբաչելով որ վրա չի՛ հասավ, որ իր խաթունին էս դժոխքիցն ազատի, սատանի աչքը քոռանա, քուրքն ընկավ ոտի տակը, գլխի վրա որ մաղալաղ չտվեց՝ շրը՛փ, չը՛խպ, ինչ նա տեսավ, քո դուշմանի գլխին չգա. երեսի վրա էնպես խրվեց էս կվի մեղրի կճուճումը, որ աչք, ունք, բերան, քիթ, միրուք էնպես ներկվեցին, որ հազար ուստա քիսաքսող էլ որ էլել էր, էնպես ադաթին, լազաթին՝ հինա չէ՛ր կարող իր օրումը քսիլ:

Ваша оценка очень важна

0
Шрифт
Фон

Помогите Вашим друзьям узнать о библиотеке

Скачать книгу

Если нет возможности читать онлайн, скачайте книгу файлом для электронной книжки и читайте офлайн.

fb2.zip txt txt.zip rtf.zip a4.pdf a6.pdf mobi.prc epub ios.epub fb3

Популярные книги автора