Հենց էն ա, ֆառաշները տեսնելով, որ մեր ու աղջիկ դարդի ձեռիցը նղղեցան ու էլ ձեն, շունչ չէին տալիս, լավ համարեցին, որ էսպես թուլացած՝ վերցնեն, էրկուսին էլ տանին, որ էլ շատ ինջըմիշ չըլին, չչարչարվին: Երկուսը ձիու վրա նստել, էն ա, տեղ էին բաց անում, որ մեկը մորը խտտի, մյուսը աղջկանը առաջն առնի ու, էն ա, խաթրջամ էլած` միտք էին անում, թե իրանց բանը լավ գլուխ բերին, մեկ թուր պսպղաց.. ֆառաշների մեկի գլուխը գետնի վրա ընկավ ու սկսեց ղլվլացնիլ, բլբլացնիլ ու պար գալ: Դեռ սա ձենը չէ՛ր կտրել, որ մյուս ընկերինն էլ սրա հացը կերավ, սրա մոտ գնաց:
– Աղասի՛ ջան, մեր տունը քանդեցիր: Աղասի՛, ձեռդ քեզ քաշի՛, քո խեղճ, հալևոր հորը խնայի՛. որդով, տանով տեղով եսիր կէերթանք, մի՛ անիր, մի՛ ըլիր, ջա՛նմ, գյո՛զմ. քո ջիվան ջանիդ էլա ղադր արա՛, տո՛, բեմուրվաթ: Աստված, էս ի՞նչ զուլում էր, որ մեր գլխին էկավ: Ո՜վ զինավոր սուրբ Գեորգ, ո՜վ սուրբ Կարապետ, դուք մեզ քոմակ արեք: Տղերք, կորե՛ք, կորե՛ք, որ ձեր իզն ու թոզը ըստեղ չէրևա: Տո՛, մեկդ ու մեկդ հասե՛ք տանդրոջ մոտ, անկաջաբռնուկ տվե՛ք, ա՜յ նրա տունը չքանդվի, ինչ քանդվեց. գինին գլխին զահրըմար ըլի. աշխարքս արինը բռնել, ծով ա դառել, մեր ախմախ քեդխուդեքը նստել, քեֆ են անում, ա՜յ թե մարդ են, հա՛: Տո՛, քեֆն էլ գլխըներին խռով կենա, խաչն ու ավետարանն էլ: Տնաքանդնե՛ր, տո՛, մի աշխարքի դարդիցն էլ խաբար առե՛ք, է՜. ախր ի՞նչ եք տան չորս պատը ու գինու գավն ու թասը բռնել, լակում, տրաքում: Տո՛, Վա՛թո, հասի՛, հասի՛, վազի՛, թև ա՛ռ, թռի՛. մարաքեն քանի կենում ա, չաղանում ա. հենց էս սհաթը կգան, մեզ կտանին, բերդը կածեն: Աղասի՛ , Աղասի՛, քառանաս ո՛չ, Աղասի՛. փախի՛ր, փախի՛ր, էդ շներիցը գլուխդ ա՛ռ, կորի՛ր էդ ի՞նչ արիր, տնով քանդված, մեր դուռը շարեցիր, մեր տան հիմքը տակըվեր արիր, տո՛, բե՛մուրվաթ:
Բայց թոփ էլ տրաքեր, նաղրախանա էլ ածեին, Աղասին չէ՛ր իմանալ. ղորդ որ քառացել էր. էլ ո՛չ անկաջն էր իրանը, ո՛չ ջանը, ո՛չ աչքը, բայց խելքն ու ձեռը լավ իմանում էին, թե ի՞նչ բանի վրա են: Արինը աչքերը կոխած` ռաշիդ երիտասարդը հենց էսպես բանի էր ման գալիս, որ իր ձեռի ղվաթը, իր թրի հունարը շհանց տա: Ախր էլ ո՞ր օրվան համար են թուր կապում: Ջիրիդատեղիցը վարավուրդ էր արել, որ աշխարքն իրարոցով դիպավ ու ձենը կտրեց:
– Տղե՛րք, էստում մեկ բան կա, գնա՛նք, մեր բարիկենդանը հարամ էլավ, – ասեց ու թռավ:
Հենց տեսան նրան գալիս, բնությունը իմանալով` հարիր տեղից ձեն տվին, ձեռով, գդակով արին, որ հեռանա, բայց շունչը բերնին դեմ էր առել, էնպես ձին չափ էր քցել. էլ մաջալ չէ՛ր անում, որ տեսնի` թվանքը լիքն ա երա՞բ, թե դարտակ: Առյուծի պես ներս ընկավ հսկա երիտասարդը. ճամփին անկաջովն էր ընկել, թե ի՞նչ խաբար ա: Երկուսի գլուխը սրբելեն ետև, մյուսներն ուզեցան, որ թուր հանեն, բայց քաջն Աղասի որ բերանը բաց չի՛ արեց: Դժո՛խքի որդիք, ձեզ ո՞վ ա ղրկել էստեղ, ո՞ւմ վրա եք էդպես կատաղել: Ասենք, թե հայը ձեն չի՛ հանում, պետք է նրան սաղ-սաղ ուտե՞ք: Աչքըներիդ լիսը կթռցնեմ էս սհաթը, կորե՛ք, թե չէ ամեն մեկդ ճուտի պես առաջիս կթպրտա: Քանի էս կուռը վրես ա, դուք էստեղանց թել չե՛ք կարող դուս տանիլ:
Որ չասեց ու մեկի էլ ուսը վեր բերեց, մյուսի աղիքը վեր ածեց, Էն վեցը տեսան, որ ճար չկա, ձիանը նի էլան ու ընչանք բերդը մեկ գնացին: – Արի՛, երեսիդ մեռնիմ, Թա՛գուհի ջան, աչքդ բա՛ց արա, աչքերիդ ղուրբան. Աղասին մեռած, ոսկորները փտած, հող դառած պետք է ըլեին, որ քո սիրուն մազին մեկն էլա մատով տար: Վա՜յ իմ աչքին, իմ արևին, ինչպես փետացել, սառել ա: Թա՛գուհի ջան, քո ջանին ղուրբան, ա՛ռ, հոգիս ա՛ռ, թո՛ղ ես մեռնիմ, դու կենդանացի՛ր և քո խեղճ մոր սիրտը մի՛ դուս կտրիր, մի՛ դուս ճոթռիր, երեսս ոտիդ տակը, – ասում էր քնքուշ, երիտասարդը, լալիս, գլխին տալիս: Արտասունքը աչքերիցը քուլա-քուլա էր վեր թափում:
Գնացին ջուր բերելու: Նա ձեռները խաչել, ինքն էլ փետացել, մնացել էր կանգնած: Մոտանար, սիրտ չէ՛ր անում, խտտել, ձեռները ճմռել, անկաջումը ձեն տալ, երեսին ձեռը խփել, բոլո՛ր, բոլոր չէ՛ր կարելի, չունքի Թագուհին դեռ կույս էր, ուրիշ մարդի աղջիկ: Մորն էր մտիկ անում, մերը ձեն չէ՛ր տալիս. դուրսն էր նայում, սատկած լաշերի դժոխային կերպարանքն էին աչքովն ընկնում: էլ ինս, ջինս, իսան, ադամաորդի չէր երևում, ամենն էլ փախել, սարերով-ձորերով էին ընկել, որ իրանց գլուխը պրծացնեն: Շների վնգվնգալն ու յա կոնձկոնձալը, աքլորի ու հավի կռկռալը, հենց իմանաս, թե նրան ասում ըլեին ցավելով.
– Ինչ արի՛ր, արի՛ր. գլուխդ ա՛ռ, կորի՛, գնա՛ Փամբակ, Թիֆլիզ, ռսի հողը: էս երկրումը քո արևը մեր մտավ, քո օրը խավարեցավ, քո ճրագը հանգավ: Թոփի բերանն ա՝ քո ջանը: Քանի ոտքը խաղաղ ա, քանի ջիլավդ ձեռիդ ա, քանի բերնումդ շունչ կա, ոտումդ՝ թաղաթ, փախի՛ր, գլխիդ ճարը տե՛ս: Մնաս էլ, ձեր տունը բոլոր սուրը կքաշեն, գնաս էլ` էն բաբաթ. քեզ էլա ճա՛ր արա: Քո հերը քեզանից ղայրու էլ զավակ չունի. նրա օջախի ծուխը մի՛ կտրիր, ձեռներդ արնոտ արիր. սարդարի ֆառաշներին ես սպանել, տո՛, ա՛նիրավ, մեկ միտք արա՛ է՛լ: Դրանց արինը քեզանից կուզեն. դրանց տերերը հիմիկ կատաղել, փրփրել իրանց միսն ուտում կըլին, ի՞նչ ես փետացել, կանգնել. էլ ո՞ր օրին ես մտիկ տալիս: Քյահլան ձին՝ տակիդ, չարազ-ասպաբը՝ վրեդ. մեկ կտոր հաց ո՞րտեղ ըլի, որ չճարես:
Հենց իմանաս՝ դժոխքն առաջին բաց էր էլել: Հազար գլխանի դիվան ատամներ ղրճտացնում, զարհուրելի ձևով խնդում, ծիծաղում, ժընգժընգացնում, չանգերը սրում, հազրում, բոցն ու կրակը չաղ ըլեին անում, որ նրան էրեն, խորովեն, կտրատեն, թիքա-թիքա անեն, իրանց փայ շինեն: Հազար կպրե կարաս, հազար օձ, կարիճ` բերանները բաց, նրան ըլեին սպասում, որ քրքրեն, կուլ տան, մարսեն: Դեռ աչքը էս սարսափելի քնիցը չբաց արած` էնպես էր երևում նրան, թե սարդարի ջալլաթները (դահիճ) կռները վեր քաշած, արինն աչքըները կոխած, թրերը սրած՝ գալիս էին, որ իրան տանին: Թոփչին թոփն էր սրբում, հազրում. Գյուլլաչին գյուլլեն ջոկում, մոտ բերում: Հեր, մեր, ազգական, էրլու, անցվորական՝ հեռու տեղից գոռում, հարայ ըլեին տալիս, գլխըներին, ծնկներին խփում, ծեծվում, ջարդվում, իրան անունը տալիս ու սուգ ըլեին անում:
– Ա՛ղասի ջան, մեկ թուր էլ ի՛նձ խփի, ի՛նձ… Վա՜յ իմ օրիս, արևիս, վա՜յ… Տունս բրիշակ էլավ… Բալա ջա՛ն… հոգի ջա՛ն… իմ երկի՛նք, իմ գետի՛նք… իմ հրեշտա՛կ… վա՜յ… ամա՜ն… աչքս դուս էկա՛վ… պտուղս խավարեցա՛վ… Թո՛ղ քո ձեռն ինձ սպանի… որդի ջա՛ն… թո՛ղ քո ոտիդ տակին հոգիս տամ… ախպեր ջա՛ն… թո՛ղ քո՛ ձեռիցը մահս առնիմ… ջա՛նըմ ջան… Սիպտակ մազս քեզ փիանդազ, Ա՛ղասի ջան. քանի աչքումս լիս կա, քանի բերնումս՝ շունչ, ոտդ բերնիս դի՛ր, թուրդ սիրտս խրի՛ր. տո՛ւր ինձ մահ, տո՛ւր, թո՛ղ գնա մ, կորչի՛մ, հետո ինչ կուզես, է՛ն արա, աչքիս լիսը հանի՛ր… ի՛մ երկնքի բարեբար որդի, ի՛մ սար… ի՛մ աստված..
է՛սպես էր մեկ ծեր մարդ ընկել Աղասու ոտքը, գլուխը գետնին ծեծում, մազերը ճպռում ու վախտ-վախտ Աղասու ոտներովը փաթաթվում: Սի՛րելի կարդացողք, էլ ի՞նչ ասիլ հարկավոր ա: Դուք էլ իմանում եք, որ էս խեղճ, տարաբախտ հալևորը Աղասու ողորմելի հերն էր: Հենց խաբար տանողը որ լեղապատառ, լեզուն կպած տուն չընկավ ու գլուխը ծեծելով ձեն չի՛ տվեց՝
– Տո , ձեր տունը չքանդվի, գեղը կոխեցին, տարան. Աթոյենց աղջիկը քաշեցին. Աղասին՝ արնի միջումը ծլծլում, ֆառաշները կրակ են քցել խալխն էրում:
Ինչպես որ մեկ ամպի տրաքոց կամ սաստիկ թոփի ձեն մեկ ձորի խփում, քարափները դղրդում, թնդում, մարդի անկաջները խլանում, մի քիչ ժամանակ շշմում ա, ու գլուխդ սկսում ա դժժալ, պտիտ գալ, աչքերդ սևանում, մութ ու խավար քեզ կոխում, խելքդ թռչում, մնում ես քարի պես կանգնած, ոտքդ ու ձեռքդ թուլանում, ջանդ սրսռում, լեզուդ կպչում ա, էլ չէ՛ս իմանում, թե ո՞ւր ես՝ երկրո՞ւմը, թե դժոխքումը, է՛ս հանգին Աղասու հոր ոսկերքը սարսափեցան, է՛ս հանգին ուշ ու միտքը թռավ, մնաց սառած, փետացած ու աչքերը չռած՝ քցեց է՛ս կողմն, է՛ն կողմը: Ծերությունը ջանն առած՝ մի ոտը հողի երեսին, մյուսը՝ գերեզմանումը, աշխարքի վրա է՛ն մեկ պտուղն ուներ, է՛ն մեկ զավակը: Նրան մտիկ տալիս հենց իմանում էր, թե աշխարքի թագավորն էլ ա ինքը, շահն էլ: Նրան ջիրիդ խաղալիս տեսնելիս՝ հենց իմանում էր, թե ոտը գետնից կտրվել ա, թև առել, թռչում. ծերությունն էլ էր մոռանում, մահն էլ, դժոխքն էլ արքայությունն էլ: է՛նպես էր կարծում, թե նո՛ր ա ծնվել, ու ուրախությունիցը ճխում, ճչում, ոտին-գլխին էր անում ու, ինչպես ութ տարեկան երեխա, խնդում, ծիծաղում: Նրա անունը որ տալիս էին, լերդի ծերը խաղում էր, սիրտն ուզում էր պատռի: Ամեն մեկ նրա աչքերին պաչ անելիս, ամեն մեկ նրան խտիտն առնելիս՝ հենց գիտում էր, լիս ա վեր գալիս գլխին, պատերը վարդ են դառել, դաշտ ու սար` ծաղիկ: Նրա ճակատին մտիկ տալիս, նրա բոյն ու սուրաթը աչքովն ընկնելիս` նրա համար նոր արեգակ էր բացվում, ուզում էր սիրտը ճղի ու նրան մեջը դնի:
Էս հասակը հասել էր նա, նրան մեկ չոռ չէ՛ր ասել, չէ՛ր էլ ասել, թե աչքիդ վերևն ունք կա, յա ծուխը դեպի քեզ: Ջանն էլ որ ուզեր, չէ՛ր խնայիլ նրան. հոգին էլ որ հաներ, ձեն չէ՛ր տալ նրան, գլուխը պտի ծախեր ու նրա մուրազը կատարեր: Խանի, բեկի մոտ գնալիս` նա իր որդուն էնպես էր զարդարած դուս բերում, որ ամենի աչքը մնում էր վրեն սառած: Սարդարն էլ էր տեսել նրա տղի կտրիճությունը, նրա քաջությունն ու ձեռի հունարը: Շատ անգամ, ազիզ օր ըլելիս, ինչքան ջիրիդ խաղացողներ կային, պատածակն էր կոխում, հետ ածում: Փահլևանները հո, նրա անունը լսելիս, զրզնդում, դող էին ընկնում: Նա մեյդան դուս գալիս՝ աշխարքի բերանը բաց էր անում: Մեկն էլա սիրտ չէ՛ր անում, որ նրան մոտենա: Բերդումը շատ անգամ, հանաքըվեր, ոչխարի տեղ եզ, ուղտ էին բերում, որ բալքի կարենան նրան մեկ օր ամաչացնիլ, շատ անգամ թուրը փոխում էին, որ բալքի չի՛ կտրի, ու մնա ամոթով, բայց քաջ երիաասարդը մեկ խփելով եզան կամ ուղտի գլուխը է՛ս կողմն էր թռչում, լաշն՝ է՛ն: